Միջազգային

Եվրոպական երկրները Հյուսիսային ծովի ենթակառուցվածքները պաշտպանելու շուրջ համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրները Հյուսիսային ծովի ենթակառուցվածքները պաշտպանելու շուրջ համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային ծովին սահմանակից վեց պետությունները համաձայնագիր են ստորագրել ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության գործում համագործակցության վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Գերմանիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Համաձայնագիրն ստորագրած երկրները տեղեկատվություն կփոխանակեն՝ Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումները կանխելու նպատակով։ Ըստ հրապարակման՝ ստորջրյա մալուխների և խողովակաշարերի վրա հարձակումների սպառնալիքը մեծապես աճել է վերջին տարիներին, և դրա կանխումը դարձել է արևմտաեվրոպական երկրների առաջնահերթությունն անվտանգության ոլորտում:

Իրավիճակը կտրուկ վատթարացել է 2022 թ. սեպտեմբերին Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթելուց հետո։ Ռուսաստանն ու Արևմուտքը կատարվածի համար մեղադրում են միմյանց:

Անցյալ մայիսին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է սաբոտաժի ենթարկել ստորջրյա մալուխները՝ պատժելու արևմտյան երկրներին Ուկրաինային աջակցելու համար: Իսկ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման միջև Գազայի հատվածում պատերազմի պատճառով գլոբալ ռիսկերն անվտանգության ոլորտում միայն ուժեղացել են։

«Հյուսիսային ծովն այն շարժիչն է, որն առաջ է մղում Եվրոպայի փառասիրական պլանները վերականգնվող էներգետիկայի, կլիմայական չեզոքության ոլորտում և նպաստում էներգետիկ անվտանգության ուժեղացմանը մայրցամաքում: Ուստի այժմ և առաջիկայում շատ կարևոր է պաշտպանել չափազանց կարևոր էներգետիկ ենթակառուցվածքները», - ընդգծել է Մեծ Բրիտանիայի միջուկային և վերականգնվող էներգետիկայի նախարար Էնդրյու Բոուին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում