Քաղաքականություն

Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայից Հայաստան նախորդ տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

«Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ ունենք: Այս առումով մեր շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները»,-ասաց Միրզոյանը:

Ֆրանսիայի ԱԺ նախագահն է այցելել Հայաստան, դա Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցն էր: Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարվա ընթացքում 2 անգամ այցելել է Հայաստան: Տարվա ընթացքում եղել են նախարարների փոխայցեր:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական խոցելիության համատեքստում Ֆրանսիան կարևոր որոշում է կայացրել: Օգոստոսին հայտարարեցին, որ հյուպատոսական գրասենյակ են բացելու Գորիսում: Հայաստանում բացվեց Ֆրանսիայի պաշտպանական առաքելություն, խոսքը ռազմական կցորդի ինստիտուտի մասին է:

Ինտենսիվորեն շարունակվում են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված 2021-2026 թթ ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում