Ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության հարցը շատ կարևոր է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից. Freedom Holding-ի հիմնադիր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության հարցը շատ կարևոր է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Freedom Holding-ի հիմնադիր և գլխավոր սեփականատեր Թիմուր Տուրլովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ:
«Կարծում եմ՝ սա եզակի հնարավորություն է, որը պետք է օգտագործենք, որպեսզի նոր տեխնոլոգիաներ բերենք, մոբիլիզացնենք այն հրաշալի տաղանդներին, որոնցով լի է Հայաստանը: Իրականում, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության հարցը շատ կարևոր է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Որքան բարձր է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունն, այնքան բարձր է հասարակության բարեկեցության մակարդակը։ Որքան շատ են հանրային կազմակերպություններն, այնքան տվյալ երկրում լավ է կազմակերպվում հարկահավաքությունը։ Որքան շատ են ներդրողներն, այնքան ավելի ակտիվ է տնտեսությունը»,- համաժողովի բացման իր խոսքում ընդգծեց նա:
Թիմուր Տուրլովի դիտարկմամբ՝ որպես ներդրող՝ իրեն հետաքրքիր է այն քննարկումը, թե այսօր ինչ հնարավորություններ գոյություն ունեն Հայաստանի համար և ինչպես կարող են ակտիվորեն օգտագործել այդ հնարավորությունները.
«Ներկայումս «Freedom»-ն ավելի քան 1 մլն դոլարի կապիտալ ունեցող ընկերություն է, որը բազմաթիվ տաղանդավոր աշխատակիցներ ունի Հայաստանում, որոնք շատ ուրախ կլինեն իրենց ներդրումն ունենալ ֆինանսական այս ծրագիրը զարգացնելու գործում: Այդկերպ, ավելի կայուն ֆինանսական համակարգ կունենանք և ավելի երկարաժամկետ ներդրումներ կկատարենք մեր զարգացման մեջ։ Կարծում եմ՝ սա իսկապես կարևոր քայլ կլինի երկար ճանապարհի համար, որը կնպաստի մեր բարեկեցության աճին, ինչպես նաև՝ Հայաստանի եվրոպական ինտեգրացիային հատկապես այն ծրագրերի շրջանակներում, որոնցով հետաքրքրված է Հայաստանի կառավարությունը»:
Բանախոսը նկատեց՝ ֆինանսական շուկաները տարբեր կերպ կարող են զարգանալ. նրանք սկսում են զարգանալ, օրինակ, երբ ներդրողներն ազգային և օտարերկրյա արժեթղթեր են ներդնում, նաև՝ կորպորատիվ արժետոմսեր և պարտատոմսեր։