Հասարակական

Սևանում անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Հովհաննիսյանին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար

2 րոպեի ընթերցում

Սևանում անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Հովհաննիսյանին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված Էդվարդ Ռուբիկի Հակոբյանի հիշատակին նվիրված թաեքվոնդոյի հուշամրցաշար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Սևանից, Հրազդանից, Նոյեմբերյանից, Գյումրիից և հանրապետության այլ բնակավայրերից:

Հուշամրցաշարը կազմակերպել են Սևանի համայնքապետարանը, «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:

Հուշամրցաշարում լավագույնս հանդես եկած մարզիկներն ու մարզիչները պարգևատրվել են շնորհակալագրերով և գավաթներով:

«Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության նախագահ Արման Գրիգորյանը կազմակերպության մեդալ է հանձնել Էդվարդ Հակոբյանի հորը՝ Ռուբիկ Հակոբյանին:

«Հայրենիքի համար մղված մարտերում իր կյանքը զոհաբերած Էդվարդ Ռուբիկի Հակոբյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին: Հաճախել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց, որտեղ այժմ կա նրա անունով անվանակոչված դասարան: Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը առաջիններից էր, ով մեկնեց առաջնագիծ: Էդվարդը մասնակցել է Քարվաճառի և Շուշիի պաշտպանական մարտերին: Նա զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում: Նման կարգի հուշամրցաշարերը նաև հարգանքի անկրկնելի տուրք են մեր հերոսների հիշատակին, հերոսներ, ովքեր հայրենիքի փրկության համար զոհաբերել են իրենց կյանքը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում