Ալեն Սիմոնյանը ճիշտ է համարում, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս են գալու:
«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:
ԱԺ նախագահը վստահ չէ, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանները կպաշտպանեն:
«Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին: Էլ չեմ ասում, որ հաճախ նաև ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն: Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին. հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, դա՞ էր պաշտպանել: Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,-ասաց Սիմոնյանը: