Քաղաքականություն

Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. Հայաստանի ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. Հայաստանի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները կիսում են յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը:

«Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցելը սառեցված հարաբերություն է: Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ո՞ր սահմանով է անդամագրվել: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է ու չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչո՞ւ դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»:

Նա հորդորեց վստահել իշխող ուժի քաղաքական մարտավարությանը: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը և վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները»,-նշեց նա:

Ըստ Սիմոնյանի՝ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունն ապահովելն է ու ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելը: «Մենք այդպես արեցինք, և, երբ եկավ X պահը, երբ մենք վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի կամ թույլ տա քաղաքական մակարդակով, պարզվեց՝ մեր դաշնակիցը դա թույլ տվեց, ոչ միայն թույլ տվեց, այլ նաև շատ բաների վրա աչք փակեց»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ ԱԺ նախագահի՝ դա հակառուսական ալիք է բարձրացրել Հայաստանում:

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում