Միջազգային

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բանտի 7 աշխատակիցների նկատմամբ՝ Նավալնիի մահվան պատճառով

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բանտի 7 աշխատակիցների նկատմամբ՝ Նավալնիի մահվան պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության մի քանի աշխատակիցների նկատմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ երկրի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ «հասցեական ֆինանսական սահմանափակումներ և Ավստրալիա մուտքի արգելք են սահմանվում (Վլադիմիրի մարզի թիվ 6) ուղղիչ գաղութի վեց աշխատակիցների» և Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության նախկին փոխտնօրեն, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Գիրիչևի նկատմամբ։

Ավստրալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել թիվ 6 քրեակատարողական գաղութի ղեկավարն ու նրա տեղակալները։

Փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել էր գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը փետրվարի 24-ին X սոցիալական հարթակում հայտնել էր, որ նրա մարմինն արդեն հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնայային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում