Նարեկ Մկրտչյանը Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի կողմից պարգևատրվել է Երախտիքի բարձր մեդալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Քայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամի» տնօրեն Քայլաշ Սաթյարթիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ նախանշելով երեխաների աշխատանքային շահագործման երևույթի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության առաջնահերթություններից է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովումը։ Վերջինս նշել է, որ 2023 թ․ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով, որի շրջանակում ոլորտային միջազգային և տեղական մասնագետների հետ քննարկվել են նաև ոլորտի հիմնախնդիրները։ Նախարարը Քայլաշ Սաթյարթիին առաջարկել է ստեղծել համատեղ հարթակ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր իրականացնել երեխաների աշխատանքային շահագործման երևույթի կանխարգելման և պայքարի ուղղությամբ։

Նարեկ Մկրտչյանը նաև անդրադարձել է Հայաստանում առաջին անգամ անցկացված աշխատանքի միջազգային համաժողովին և այդ համատեքստում խոսել ԱՄԿ գլխավոր տնօրենի նախաձեռնած Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային ՀՀ անդամակցության մասին: Նախարարն առաջարկել է երեխաների աշխատանքային շահագործման դեմ պայքարի ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնել նաև սոցիալական արդարության շրջանակում։

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին ևս կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ջանքերի համատեղումը․ Սաթյարթին առաջարկել է երկկողմ համագործակցությունը զարգացնել, մասնավորապես՝ սոցիալական արդարության, կարեկցանքի գաղափարի դրսևորման համատեքստում, ինչպես նաև նաև երեխայակենտրոն համայնքների գաղափարի ստեղծման ու զարգացման շրջանակում։

Նախարար Մկրտչյանը ևս ընդգծել է համագործակցության պատրաստակամության մասին ու Քայլաշ Սաթյարթիին հրավիրել Հայաստան՝ նախատեսվող ուղղությամբ ավելի հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Խաղաղության նոբելյան մրցանակակիրը, բարձր գնահատելով Նարեկ Մկրտչյանի մի շարք նախաձեռնությունները կարեկցանքի գաղափարի համաշխարհայնացման գործում, նախարարին պարգևատրել է երախտիքի բարձր մեդալով։

Հայերեն

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով