Ինչ կտա Հայաստանին ԵԱՏՄ նախագահությունը. նախանշվել է մի շարք կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2024 թվականից ընդունել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը, նախագահության շրջանակում նախանշվել է մի շարք կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում, տարվա ընթացքում նիստեր ու կարևոր բանակցային գործընթացներ են սպասվում Հայաստանում: ԵԱՏՄ նախագահությունը երկրին թույլ կտա էլ ավելի օպերատիվ կերպով բարձրացնել միության շրջանակում Հայաստանի համար ի հայտ եկած խնդիրները, խոչընդոտները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց ԵԱՏՄ նախագահության տարում սպասվող անելիքներն ու նախագահության ընձեռած հնարավորությունները:

«Մեր նախագահությունը շատ պատասխանատու ժամանակահատվածում ենք ստանձնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 10-ամյակը: Այս ընթացքում արձանագրվել են նշանակալի արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով, սակայն դեռևս առկա են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ վերջացնել միասնական տնտեսական տարածքի ձևավորման աշխատանքները: Ուստի, ժամանակն է շատ ավելի հեռուն գնացող ռազմավարական փաստաթղթերի մշակման համար»,-ասաց Մովսիսյանը:

Այսպիսով, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները նախորդ տարի ստորագրել են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիր, որը ձևակերպում է ԵԱՏՄ-ի զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Այն սահմանում է 2030-2045 թթ. ռազմավարական և մարտավարական գործողությունները, այսինքն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները, որոնք պետք է իրականացվեն:

«Այս հռչակագրի հիման վրա մենք արդեն մեկնարկել ենք գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները: Յուրաքանչյուր երկիր և հանձնաժողովը համատեղ մշակում են այն միջոցառումները, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են և՛ ԵԱՏՄ շրջանակում գործընթացների ակտիվացման, առկա խոչընդոտների, խնդիրների լուծման, և՛ երրորդ երկրների հետ մեր հարաբերությունների կարգավորման տեսանկյունից»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Հայաստանի նախագահության շրջանակներում նախանշվել է մի շարք կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացում: Թիրախային հիմնական ուղղությունները տարեսկզբին հնչեցվել են Հայաստանի վարչապետի ուղերձում:

Պաշտոնյան առանձնացրեց վարչապետի ուղերձի կարևորագույն շեշտադրումները, թիրախային ուղղությունները: Այսպիսով, վարչապետի ուղերձով նախանշվել է էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումը, պարենային անվտանգության ապահովումը, ինչը ենթադրում է առևտրաշրջանառության աճ, տրանսպորտային և լոգիստիկ ոլորտների զարգացում: Մովսիսյանն ընդգծեց՝ սա հատկապես կարևորվում է Հայաստանի տեսանկյունից՝ հաշվի առնելով երկրի բարդ լոգիստիկ իրավիճակը: Վարչապետի ուղերձում այս գործընթացը կապվում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ:

Վարչապետի տարեսկզբի ուղերձում նախանշվել է նաև մաքսային կարգավորումների կատարելագործումը, ինչը պետք է տնտեսավարողներին թույլ տա միության մի անդամ պետությունից մյուսը տեղաշարժվելիս հնարավորինս քիչ զբաղված լինել այլ գործընթացներով: Նախանշվել է նաև փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների վերացումը, թվայնացման կարևորությունը, այսինքն՝ ինտեգրված տեղեկատվական համակարգի մասով աշխատանքների իրականացումը, վերանայումը, ազգային արժույթով գործարքների մասնաբաժնի ավելացումը փոխադարձ առևտրում, ԵԱՏՄ-ի արտաքին կապերի աշխարհագրության ընդլայնումը: Այս տեսանկյունից կարևորվել է Իրանի հետ արդեն իսկ կնքված մշտական համաձայնագրի գործարկումը, Էմիրությունների, Ինդոնեզիայի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ավարտը և համաձայնագրերի կնքումը:

Մովսիսյանը հավելեց, որ ընթանում են նաև ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք այս տարի նախատեսվում է ակտիվացնել: Իսկ Չինաստանի, Վիետնամի, Սերբիայի և Սինգապուրի հետ արդեն կան կնքված ազատ առևտրի համաձայնագրեր, կան համատեղ կոմիտեներ: Կնքված համաձայնագրերի հիման վրա նախատեսվում է առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացում:

«Այս ուղերձում նախանշվել են 16 հիմնական խնդիրներ, դրանց լուծման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվել է գործողությունների ծրագիր: 16 խնդիրները բաժանվել են 57 միջոցառումների, որոնք պետք է լուծվեն 2024-2026թթ ընթացքում: Հետո այդ հաշվետվությունը ներկայացվում է երկրի ղեկավարին»,-ասաց Մովսիսյանը:

Նա նշեց՝ ԵԱՏՄ նախագահությունը նշանակում է, որ մի շարք կարևոր միջոցառումներ իրականացվելու են Հայաստանի Հանրապետությունում: Բարձրագույն խորհրդի առաջին նիստը, այնուամենայնիվ, նախատեսվում է անցկացնել մայիսին Ռուսաստանում՝ պայմանավորված պայմանագրի կնքման 10-ամյակի միջոցառման անցկացումով: Բարձրագույն խորհրդի մյուս նիստը նախատեսվում է դեկտեմբերին: Այս տարի Հայաստանում են անցկացվելու խոշոր բանակցային գործընթացները: Օրինակ՝ Ինդոնեզիայի հետ ԵԱՏՄ բանակցային հերթական գործընթացը մարտի 18-20-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Հայաստանում:

Ինչ վերաբերում է միջկառավարական խորհրդի նիստերին, ապա դրանք սովորաբար անցկացվում են տարին 2 կամ 3 անգամ: Հաջորդը, հավանաբար, կանցկացվի աշնանը Հայաստանում: Ամեն տարի իրականացվում է Եվրասիական տնտեսական ֆորումը: Այս տարի քննարկվում է այս մասշտաբային միջոցառումը ևս Հայաստանում անցկացնելու հարցը:

Նախարարության պաշտոնյան համոզված է, որ ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին ավելի շատ ներկայացվածություն կտա: «Որքան ավելի շատ միջոցառումներ իրականացվեն մեզ մոտ, այնքան ավելի ներկայացվածություն, ավելի շատ բիզնես կապեր կլինեն: Մենք կկարողանանք մեր բիզնեսին ավելի լավ ներկայացնել՝ տարատեսակ ցուցահանդեսների միջոցով, Հայաստան բերել տարբեր գործարարների՝ հաստատելու գործարար կապեր»,-նշեց Մովսիսյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանն այսօր ներկայացված է երկու նախարարներով, որոնք, նրա վստահեցմամբ՝ ունեն պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ: Այսպիսով, ակնկալում են, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանն արժանվույնս ներկայացված կլինի ԵԱՏՀ հարթակում:

Աննա Գրիգորյան

Հայերեն Español Русский

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս