Տնտեսություն

Ինչով էր պայմանավորված նախորդ տարի Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշը․ վերլուծում է տնտեսագետը

6 րոպեի ընթերցում

Ինչով էր պայմանավորված նախորդ տարի Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշը․ վերլուծում է տնտեսագետը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականին պաշտոնապես արձանագրված տնտեսական աշխուժության աճը նկատելիորեն գերազանցել է ազգային և միջազգային հեղինակավոր ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների, նաև Հայաստանի կառավարության նախնական ակնկալիքները:

Նման աճը, ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը, պայմանավորված է տարբեր գործոններով՝ աշխարհաքաղաքականից մինչև տնտեսական։

Սակայն, ըստ մեր զրուցակցի, հետագա կանխատեսումներում պետք է նկատի ունենալ, որ 2022 թվականի համեմատ նվազել են մեր երկիր եկող ֆինանսական հոսքերը և այդ միտումը, հավանաբար, պահպանվելու է:

Այս տարի ակնկալվող տնտեսական աշխուժության ցուցանիշի վերաբերյալ դիտարկումներն ու կանխատեսումները Թաթուլ Մանասերյանի գլխավորած կառույցը պատրաստվում է ներկայացնել հաջորդ շաբաթ: Տնտեսագետն առայժմ ձեռնպահ մնաց թվեր հրապարակելուց՝ նշելով, որ հաշվարկները դեռ ավարտված չեն: Մինչ այդ նա ներկայացրեց 2023 թվականին տնտեսական աշխուժության ցուցանիշի ձևավորմանը նպաստած հիմնական գործոնները:

«Հայաստանում անցյալ տարի գրանցված տնտեսական աճը և տնտեսական աշխուժության բարձր ցուցանիշը պայմանավորված էր տարբեր գործոններով՝ աշխարհաքաղաքականից մինչև տնտեսական: Մեզ, կարելի է ասել, գրեթե ճշգրտորեն հաջողվել էր կանխատեսել տնտեսական աճի այն մակարդակը, որը տարվա արդյունքներով ներկայացրել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն: Պետբյուջեով նախանշված էր 7 տոկոսի տնտեսական աճ: Մեր կանխատեսումն ավելի համարձակ էր՝ առնվազն 9 տոկոս: Դրան փոքրիշատե մոտ էր Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը՝ 7.5 տոկոս: Մեր կանխատեսումը իրականացավ, քանի որ հաշվի էինք առել նաև այնպիսի գործոններ, որոնք մյուս կազմակերպությունների հաշվարկներում առանձնապես չէին կարևորվել»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններն անմիջական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա:

«Մեր տնտեսության վրա, թեպետ, միջնորդված, բայց ազդել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը, ընդ որում, ինչպես բացասական, այնպես էլ դրական առումով: Դրա վառ օրինակը ռելոկանտներն են, որոնց ներհոսքը մեծացրեց ներքին պահանջարկը լայն սպառման ապրանքների, անշարժ գույքի և այլնի նկատմամբ: Միաժամանակ, տեղի ունեցավ շատ մեծ ծավալի ֆինանսական կապիտալի ներհոսք, ինչը կարող էր շատ ավելի լավ օգտագործվել և նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Անցյալ տարվա ցուցանիշը գերազանցապես պայմանավորված է ռելոկանտների գործոնով»,- արձանագրեց տնտեսագետը:

Մանասերյանը նկատեց նաև, որ Հայաստանի տնտեսության վրա շատ ծանր է անդրադարձել Սոթքի հանքավայրի աշխատանքի կաթվածահար լինելը: «Դա ազդել է ոչ միայն բուն հանքի աշխատանքի, այլև ամբողջ արդյունաբերական ցիկլի վրա: Հաշվի առնելով հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում՝ վնասը բավականին մեծ է եղել»,- նշեց նա:

Մասնագետն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ հատկապես վերջին ամիսներին տնտեսական աճի ցուցանիշում բավականին մեծ է եղել առանձին ոլորտների տեսակարար կշիռը: «Արտահանման մեջ դա ոսկերչության, ադամանդագործության ճյուղի զարգացումն է, ինչը դեռ բացատրություն չի ստացել, որովհետև Հայաստանում պարզապես չկան արտադրության և աշխատուժի միջոցներ՝ հսկայածավալ արտադրանք ստանալու և այն արտահանելու համար: Այս դեպքում վստահաբար պետք է հաշվի առնել վերաարտահանման գործոնը: Ընդհանուր վիճակագրական ցուցանիշներում այն ներկայացվում է որպես արտահանում, որը նույնպես բավական մեծ աճ է արձանագրել՝ 55.3 տոկոս: Դա բավականին լուրջ ցուցանիշ է: Այն գերազանցել է ներմուծման աճի տեմպերը: Ունենք նաև արտադրական ոլորտի շատ թույլ աճ»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:

Նա մտահոգիչ է համարում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին նկատվող անկումը, որը, նրա գնահատմամբ, պայմանավորված է տարբեր գործոններով: «Դրանցից, թերևս, վերջինը չէ ոլորտի կառավարման ծրագրի, հստակ գերակայությունների բացակայությունը, նաև ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը: Անգամ կառավարությունն է վերջերս նշել, որ հատկացվել են բավականին մեծ գումարներ, բայց ժողովուրդն ու պետությունն այդպես էլ չեն տեսել դրանց արդյունքը: Պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել այս բնագավառին: Չմոռանանք, որ գյուղատնտեսության ոլորտում զբաղված է Հայաստանի բնակչության կեսից ավելին: Այստեղ արդյունավետությունն ամենացածրն է, որովհետև ձեռքի աշխատանքի տեսակարար կշիռն է շատ մեծ: Կան նաև այլ բազմաբնույթ խնդիրներ»,- ասաց տնտեսագետը:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 9.4 տոկոսով:

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում