Մեկնարկել է Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանը
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայացել է Սևան համայնքի ավագանու այս տարվա առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը, որը վարել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստին ներկայացված օրակարգային հարցերի հաստատումից առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձել է 2023 թվականին համայնքում իրականացված աշխատանքներին, գրանցված հաջողություններին՝ նշելով, որ տարին չնայած բարդ էր ու դժվարին, սակայն արվել է հնարավորը, որպեսզի գրանցվի տեսանելի արդյունք:
Համայնքի ավագանին ի գիտություն է ընդունել Սևան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և հնգամյա զարգացման ծրագրի ` 2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Դեռևս 2023 թվականին համայնքի ավագանին հաստատել էր Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը: Այս նիստում հաստատվել է նաև Սևան համայնքի 2024 թվականի բյուջեն, իսկ մեկ այլ որոշմամբ՝ նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ավագանին որոշել է ՝ Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» և թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզներին և Չկալովկա բնակավայրի մանկապարտեզին։
Համապատասխան որոշումներով հաստատվել են «Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ 2024 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գների մասին», «Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» «Սևան համայնքում 2024 թվականի հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարներ սահմանելու մասին», «Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2024 թվականի ամենամյա ծրագիրը հաստատելու մասին» հարցերը:
Համապատասխան որոշումներ կայացվեցին նաև ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին «Սևան համայնքի Գագարին բնակավայրում կառուցվող կոյուղու պոմպակայանի, Սեմյոնովկա բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարի և նոր կառուցվող կապտաժի սանիտարական գոտիների հողհատկացումներին, Գեղամավան բնակավայրի տարածքում գտնվող հողատարածքը նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետության տնօրինությանը հանձնելուն։
Ավագանու նիստն ամփոփվել է դիմումների քննարկմամբ, որոնց մի մասը ստացել է սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի կունենա 2024 թվականի մարտի 12-ին:
Խոսրով Խլղաթյան