Քաղաքականություն

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին Հաագայում հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը: Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի` Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում նախարար Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում