Հասարակական

Առողջարանային Ջերմուկը՝ ձմռանը

2 րոպեի ընթերցում

Առողջարանային Ջերմուկը՝  ձմռանը

ՋԵՐՄՈՒԿ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջարանային Ջերմուկը գրավիչ է տարվա չորս եղանակին էլ: Չնայած այս ձմռան առատ տեղումներին, արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այցելել են նաև Ջերմուկ: Զբոսաշրջիկները, հատկապես տաք երկրներից, Ջերմուկ են այցելում ոչ միայն քաղաքում գործող առողջարանների մատուցած բուժական ավելի քան 30 ծառայություններից օգտվելու համար, այլև վայելելու քաղաքի առատ ձյունը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով՝ բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը հունվար ամսին եղել է Ջերմուկում՝ 93-95 սմ։

MXO_3483.jpg (898 KB)

Ջերմուկը մարդաշատ է եղել հատկապես նախատոնական ու տոնական օրերին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում առողջարաններից մեկի աշխատակիցն ասաց, որ այդ օրերին աշխատել են ամբողջ զբաղվածությամբ: Վիճակագրական տվյալներով՝ Ամանորի տոնական օրերին Ջերմուկն ունեցել է 3 հազարից ավելի հյուր:

MXO_3526.jpg (1.07 MB)

Չնայած առատ ձյանն ու ցրտին, առողջարանային քաղաքում իրենց արձակուրդը, հանգիստն ու բուժումն են անցկացնում նաև Հայաստանի տարբեր վայրերից այցելած հյուրերը:

MXO_3074.jpg (723 KB)

Ջերմուկում հյուրանոցների, հյուրատների և առողջարանների գները տոնական օրերին չեն փոխվել՝ 5-6 հազար դրամից մինչև 60 հազար դրամ 1 կամ 2 անձի համար՝ 1 գիշերը։ Որոշ հյուրանոցներում կամ առողջարաններում գնի մեջ ներառված են երեքանգամյա սնունդն ու բուժական ծառայությունները։

MXO_3479.jpg (1.17 MB)

Ջերմուկը ջրաբուժական կուրորտային քաղաք է՝ հայտնի հանքային ջրերով, ու հետևաբար, այստեղ գալիս են հիմնականում աղեստամոքսային ու շնչառական խնդիրներ ունեցողները: Քաղաքի հանքային ջրերի Ըմպելասրահում հյուրերը, զբոսաշրջիկները կարող են օգտվել 30-55 աստիճան ջերմությամբ հոսող բնական հանքային ջրից։

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում