Տնտեսություն

Հայաստանը խստորեն դատապարտում է պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց. Վահան Քերոբյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը խստորեն դատապարտում է պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։

Համաժողվին մասնակցել են 61 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի բարեկեցիկ ապագա՝ նախաձեռնելով փոփոխություններ, որոնք կարագացնեն տնտեսական աճը և խոր ազդեցություն կունենան սոցիալական բարեկեցության վրա ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Բոտսվանայի և Բրազիլիայի նախարարների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում