Քաղաքականություն

Փաստաթղթային ձևով պետք է վերարտադրվի 1991-ին գոյություն ունեցած սահմանը. Փաշինյանը՝ դելիմիտացիայի գործընթացի մասին

3 րոպեի ընթերցում

Փաստաթղթային ձևով պետք է վերարտադրվի 1991-ին գոյություն ունեցած սահմանը. Փաշինյանը՝ դելիմիտացիայի գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը չպետք է սահմաններ ստեղծի, այլ փաստաթղթային ձևով պետք է վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991թ կամ Խորհրդային միության հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքից:

«Արդյոք կա պատկերացում, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը. այս հարցի պատասխանը կա: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991թ. Ալմաթայի հռչակագրի վրա: Իսկ Ալմաթայի հռչակագիրը հետևյալի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ ԽՄ այն հանրապետությունները, որոնք ստորագրել են Ալմաթայի հռչակագիրը, արձանագրում են, որ իրենց վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների: Մենք ասում ենք, որ այդ սկզբունքն ընդունում ենք: Եվ ըստ էության Պրահայում քառակողմ հայտարարություն է ընդունվել, որը Ադրբեջանը նույնպես ընդունել է: Մենք ասում ենք, և դա ակնհայտ է, որ դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ պետք է փաստաթղթային ձևով նաև գետնի վրա վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991թ. կամ ԽՄ հանրապետությունների միջև՝ որպես ադմինիստրատիվ սահման»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ սա է այն բանաձևը, որը կարող է հնարավոր դարձնել խաղաղությունը:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ գոյություն ունեցող երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի կոնկրետ արդյունքների: Իսկ արդյունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն հայտարարեն, որ առանց վերապահումների ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլ նաև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե խաղաղության պայմանագրում:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանն ունեն միջազգայնորեն ճանաչված տարածքներ: ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է: Եվ, երբ կանգնում ենք այս միջազգայնորեն ճանաչված տարածքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անվտանգության պաշտպանության դիրքերում, մենք կանգնում ենք լեգիտիմ հենքի վրա, ինչը պետք է պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում ապահովի, լրացուցիչ գործոն դառնա նաև մեր անվտանգության համար»,-ընդգծել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում