ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտման, սահմանների, ինչպես նաև անկլավների և էքսկլավների հարցերի առնչությամբ հստակ շեշտադրում է փոխադարձ համաձայնեցված քարտեզների հիման վրա գործնական քայլերի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այդ մասին խոսել է հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզում` Գավառում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։
«Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի հարցեր, իսկ Հայաստանի Հանրապետությունը` 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Քանի որ մենք հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մենք ասում ենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, այնտեղ, որտեղ պարզվի Հայաստանն է որոշ տարածքներ հսկողության տակ պահում, որոնք «դե յուրե» պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք «դե յուրե» պատկանում են Հայաստանին և Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»,-նշեց Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ` սա քաղաքական պայմանավորվածությունն է, որն արձանագրվել է, բայց գործնականում հնարավոր չէ իրագործել` առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի։ Տարածքների ճշգրտման մեկ ճանապարհ կա` քաղաքական առումով հիմք ընդունել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի դրույթներն արտահայտող քարտեզները, գնալ տեղում նայել իրողությունը, և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։
«Հակառակ մոտեցումը նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ»,-ընդգծեց Փաշինյանը։
Նա նկատեց` Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի. քաղաքական պայմանավորվածությունը մեծ հաշվով ձեռք է բերվել, որ այդ հարցը պետք է հասցեագրվի որևէ մոդելով։ Այստեղ ևս պետք է գործի նույն մոտեցումը, և տարածքի ու խնդրի ճշգրիտ հասցեագրման համար պետք է հիմք ընդունվեն փոխադարձ համաձայնեցված քարտեզները։