Հասարակական

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից օգտվել է 8140 ընտանիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու 2023-ին դարձել է 733ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան։ Դրանցից 179-ը Երևանից են, 554-ը՝ մարզերից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ընդհանուր առմամբ, 2010-ին ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության այս ծրագրում։ Նախորդ տարվա դրությամբ, շահառու է համարվել 6412 երիտասարդ ընտանիք (գործող վարկեր), որոնց համար 2023թ. պետական բյուջեից տրված փաստացի սուբսիդավորումը կազմել է շուրջ 1 մլրդ 816 մլն դրամ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն երիտասարդության քաղաքականության ոլորտում իրականացվող ամենահաջողված նախաձեռնություններից է:

«Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ ընտանիքներին և շահառու խմբերին լուծելու իրենց առաջնային խնդիրներից մեկը՝ կեցության հարցը, խթանել Հայաստանում դեմոգրաֆիական աճը, ապահովել մարզերում տարածքային համաչափ զարգացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ ծրագրի շահառուներն են այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ինչպես նաև մինչև 35 տարեկան միայնակ ծնողները:

«Հիպոթեքային վարկի տոկոսադրույքը առաջնային շուկայի դեպքում (անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 7.5% է՝ առանց սուբսիդավորման, երկրորդային շուկայի դեպքում (ոչ անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 9.5% է, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2%, իսկ ՀՀ մարզերում` 4%: Ծրագիրն ունի առավելագույն շեմ, առաջնային շուկայի համար` 30 մլն դրամ, երկրորդային շուկայում՝ 25 մլն դրամ»,- պարզաբանել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ աղբյուրի՝ 2024-ի պետական բյուջեից նպատակային ծրագրին կհատկացվի 2 մլրդ 64 մլն դրամ, և նախատեսվում է, որ 2024-ի ծրագրին կմիանա 920 նոր շահառու:

Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասավորող վարկային կազմակերպության կողմից, որը համագործակցում է 15 բանկերի և 8 վարկային կազմակերպությունների հետ։ Ծրագրի իրավական հիմքը ՀՀ կառավարության 2010-ի հունվարի 29-ի ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշումն է։

Հայերեն