Քաղաքականություն

Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը․ Նիկոլ Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում այժմ բանակցային գործընթացը։

«2018 թվականին էլ ես ասել եմ՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ:

Իմիջիայլոց, կուզեմ հետևյալն ասել, որ, օրինակ, ասում են` ուժեր են եղել, ովքեր Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են, որ Հայաստանում պետականություն չկայանա: Սա ի՞նչ է նշանակում, շատ կարևոր է սրա մեկնաբանությունը: Շատ պարզ բան է նշանակում. մենք՝ բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած, Հայաստանի Հանրապետության ռեսուրսների 70-80 տոկոսը կամ հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:

Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ, և այլն և այդպես շարունակ: Հասկանո՞ւմ եք ինչ նկատի ունեմ, հո մեզ չե՞ն ասել պետականությունը թող չկայանա. ստեղծվել է իրավիճակ, երբ մեր երկրի ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր պետության ստեղծման վրա, այն ռեսուրսները, որ պետք է մենք դնեինք Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու վրա: Մի բան հաշվի չենք առել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016թ. բանակցային փաթեթներով` անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք, հնարավորություն կամ ցանկություն չունենա, Հայաստանի կառավարության քաղաքականությունն է, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն և արարեն Հայաստանի Հանրապետությունում:

«Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները պետք է պաշտպանվեն: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք ասում ենք, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք կամ հնարավորություն չունենա, կամ ցանկություն, մեր քաղաքականությունն է, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն և արարեն Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, որպեսզի հիմա նորից չստացվի, որ նախորդ շրջանի իմ իսկ թվարկած սխալները կրկնում եմ, հիմա շատ պարզ է դաշտը, բաց է, Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում:

Իհարկե, մենք դրան կարող ենք ասել Նախիջևանի հայերի վերադարձի իրավունքը, Բաքվի հայերի վերադարձի իրավունքը, Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունք, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է: Եվ այն, ինչ ես չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, նույնիսկ 2021 թվին, ասում եմ հիմա»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում