Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիրի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիրի  մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Աաբահին և Քուվեյթի Պետության Նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցինք Քուվեյթի Պետության էմիր Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան լուրը։ Շեյխ Նաուաֆն իր հմուտ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ներդրում է ունեցել Քուվեյթի զարգացման և զորացման գործում:

Այս ծանր պահին վշտակցելով և սատարելով Ձեզ՝ խնդրում եմ հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին»։

Քուվեյթի Պետության Նախարարների խորհրդի նախագահին ուղղված հեռագրում ասված է.

«Ցավով և տխրությամբ տեղեկացանք Ձեր հոր՝ Քուվեյթի Պետության էմիր Նորին վսեմություն Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի մահվան մասին։ Մեծ է նրա ժառանգությունն ինչպես Քուվեյթի շարունակական առաջընթացի ապահովման, այնպես էլ Քուվեյթի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Վշտակցելով Ձեզ այս ծանր օրերին՝ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից մեր ցավակցությունները փոխանցել Ալ Սաբահ ընտանիքին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում