Միջազգային

Եվրոպան գիտի, որ հանուն կլիմայի գործողությունը կենսական է գլոբալ անվտանգության համար

10 րոպեի ընթերցում

Եվրոպան գիտի, որ հանուն կլիմայի գործողությունը կենսական  է գլոբալ անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ներկայիս միտումների պայմաններում մեր մոլորակը սլանում է դեպի փակուղային երեք աստիճան ջերմաստիճանի բարձրացում»,-վերջերս զգուշացրել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Եվ, նա իրավացի է: Եթե մենք վճռական գործողություններ չձեռնարկենք, մասնավորապես՝ սկսած Դուբայում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության կոնֆերանսից՝ COP28-ից, մարդկության համար կլիմայի փոփոխության սպառնալիքը կարող է դառնալ ոչ պակաս գոյաբանական:

Արդեն ներկայումս կլիմայի փոփոխությունն ինքնին բազմապատկում է ընթացող հակամարտություններով և անկայունությամբ պայմանավորված հիմնական ռիսկերը: Եղանակային ծայրահեղ դրսևորումները, մասնավորապես՝ ջրհեղեղներն ու տապը, 2008 թվականից ի վեր պատճառ են դարձել տարեկան 20 մլն-ից ավել մարդկանց բռնի տեղահանումների համար։

Ջրի սակավությունը և սննդի պակասը կատաղի հակամարտություններ են հրահրում, մասնավորապես՝ «Սահելի» հատվածում, «Աֆրիկայի եղջյուր»-ի երկրներում և աշխարհի այլ մասերում: Կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի 20 երկրներից 12-ում հակամարտություններ են ընթանում: Ավտորիտար երկրներն օգտվում են առաջացած իրարանցումից՝ փորձելով ազդեցություն ձեռք բերել փխրուն կառավարությունների նկատմամբ և ապահովել հումքի հասանելիություն: Այս միտումները կարող են արագանալ և տարածվել՝ բերելով իսկապես աղետալի հետևանքների, եթե մեղմացմանը և հարմարվողականության ուղղված մեր ջանքերը հավասարազոր չլինեն կլիմայական ճգնաժամին:

Նման արդյունքից խուսափելու նպատակով Եվրոպական միությունն անում է գործի իր բաժինը։ Եվրոպական «Կանաչ գործարքի» միջոցով մենք նպատակ ունենք մինչև 2030 թվականն առնվազն 55%-ով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը՝ ապահովելով մեր էներգիայի 42,5%-ից ավել հատվածի ստացումը վերականգնվող աղբյուրներից և առնվազն 11,7%-ով բարձրացնելով էներգաարդյունավետությունը: Մենք ձգտում ենք մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության:

Այս նպատակներին հասնելու համար մեր ռազմավարության առանցքում ածխաթթու գազի արտանետումների համար գնի սահմանումն է։ Սակայն միայն ԵՄ-ի կողմից թողարկվող արտադրության համար ածխածնի գին սահմանելով՝ կարող ենք առաջացնել ածխածնի ինտենսիվ արտանետումներով գործունեությունը զուտ մեր սահմաններից դուրս մղելու վտանգ: Այդպիսի «ածխածնի արտահոսքի» արդյունքում ԵՄ տարածքում ի հայտ կգա աշխատատեղերի կորուստ՝ այդուհանդերձ, առանց համաշխարհային արտանետումների ծավալը նվազեցնելու ։

Ահա թե ինչու մենք որոշեցինք իրականացնել Ածխածնի սահմանի ճշգրտման մեխանիզմը (CBAM), որը երաշխավորում է, որ ածխածնի ինտենսիվ արտանետումներ առաջացնողապրանքների մեծ մասի ներմուծման սակագինը պետք է համարժեք լինի եվրոպական ապրանքների համար սահմանված ածխածնի սակագնին: Սա պրոտեկցիոնիզմ չէ։ Ավելի շուտ, սա անհրաժեշտ քայլ է՝ ապահովելու համար, որ ածխաթթվի չեզոքացման մեր հավակնոտ միջոցառումներն օգտակար լինեն գլոբալ կլիմայի համար:

Մենք նաև ցանկանում ենք պատասխանատվություն ստանձնել ԵՄ ներմուծվող ապրանքների սպառման հետևանքով առաջացած ջերմոցային գազերի արտանետումների համար, ինչի պատճառով մենք «առավել կանաչ ենք դարձնում» մեր առևտրի քաղաքականությունը։ Մասնավորապես, մենք ցանկանում ենք ապահովել, որ մեր կողմից ներմուծված ապրանքներն այլևս չնպաստեն անտառահատմանը՝ կլիմայի և կենսաբազմազանության համար լրջագույն սպառնալիքներից մեկին:

Մենք գիտենք, որ ԵՄ օրենքից բխող պահանջները լարվածություն են առաջացնում մեր որոշ գործընկերների շրջանում։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այս միջոցառումների իրականացման գործում և միասին հաղթահարել անտառահատման մարտահրավերը:

Կանաչ անցումը ցնցելու է ուժերի համաշխարհային հավասարակշռությունը։ ԵՄ-ի համար այս գործընթացը ենթադրում է և՛ օգուտներ, և՛ ռիսկեր։ Մի կողմից դա կնվազեցնի մեր կախվածությունը հանածո վառելիքից, մի կախվածություն, որը, ինչպես ցույց տվեց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, կրում է բարձր քաղաքական և տնտեսական ծախսեր: Մյուս կողմից դա կարող է ստեղծել նոր կախվածություններ, օրինակ՝ կարևոր հումք արտադրողներից: Այդ արդյունքից խուսափելը և մեր անվտանգությունն ամրապնդելը մեզանից պահանջում է ապահովել մատակարարման բազմազանությունը: Այդ նպատակով մենք պետք է ամրապնդենք մեր կապերը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավային Ասիայի հետ՝ զարգացնելով հարմարեցված գործընկերություններ, որոնք թույլ են տալիս հավելյալ արժեք և աշխատատեղեր ստեղծել մեր գործընկեր երկրներում:

Թեև Եվրոպան կրում է պատմական կարևոր պատասխանատվություն կլիմայի փոփոխության համար, մեզ այսօր բաժին է ընկնում գլոբալ արտանետումների ընդամենը 7,5%-ը, ինչը նշանակում է, որ մեր տանը կատարվող գործողությունները կարող են միայն սահմանափակ ազդեցություն ունենալ աշխարհի կլիմայի վրա: Կլիմայի փոփոխության միակ լուծումը գլոբալ լուծումն է։ Այնպիսի ժամանակներում, երբ բազմակողմանիության նկատմամբ ճնշումները հետզհետե աճում են Փարիզի COP21-ի շրջանակներում սահմանված նպատակներին հասնելու շուրջ համաձայնության գալը ոչ միայն թույլ կտա ապահով դարձնել մեր երեխաների ապագան, այլ նաև ցույց կտա, որ բազմակողմ հաստատությունները դեռ կարող են արդյունքներ գրանցել:

COP28-ը պետք է աշխարհն առավել մեծ շարժման մեջ դնի։ ԵՄ-ն հավատարիմ է հանածո վառելանյութերի և բոլոր հանածո վառելիքի սուբսիդիաների աստիճանական վերացմանը, էներգաարդյունավետության միջոցառումների կրկնապատկմանը և վերականգնվող էներգիայի հզորությունների եռապատկմանը ամբողջ աշխարհում: Բայց դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ներգրավել արդյունաբերական մյուս տնտեսությունները, ինչպես նաև Չինաստանը, որը, չնայած վերականգնվող էներգիայի ոլորտում իր հսկայական առաջընթացին, դեռևս ավելի շատ ածուխ է այրում, քան մնացած աշխարհը միասին վերցրած:

Կանաչ անցումը կհաջողվի միայն այն դեպքում, երբ այն արդար և ձեռնտու լինի բոլորի համար: Կլիմայապես ավելի խոցելի երկրները քիչ են նպաստել կլիմայի փոփոխությանը, սակայն բախվում են հիմնական հետևանքները կրելու ռիսկերին։ Թեև նրանք պետք է լինեն զուտ զրոյական արտանետումների գլոբալ մրցավազքի մասնակից, նրանք կարիք ունեն և արժանի են ավելի մեծ աջակցության, երբ խոսքը վերաբերում է կլիմայի հարմարվողականությանը և կանաչ էներգիայի անցմանը: ԵՄ-ն պատրաստ է նման աջակցություն տրամադրել և օգնել մեր գործընկերներին խուսափել կրկնելու անցյալում մեր արած սխալները:

ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատություններն արդեն իսկ հանդիսանում են զարգացող տնտեսություններ ունեցող երկրների կլիմայական հանրային ֆինանսավորման ամենամեծ ներդրողները՝ 2022 թվականի ընթացքում փոխանցելով 28,5 մլրդ եվրո (30 մլրդ դոլար):

Բացի այդ, զարգացող տնտեսություններ ունեցող երկրները վերջապես նույնպես ստանձնել են թիրախին հասնելու ուղին՝ զարգացող աշխարհի երկրների համար մոբիլիզացնելով տարեկան 100 միլիարդ դոլար՝ ուղղված կլիմայի հարմարվողականությանը և մեղմացմանը: Բայց մենք պետք է մտածենք այս խոստումից անդին, որի վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականը։

Ժամանակն է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական հոսքերը համահունչ դարձնել Փարիզի կլիմայի համաձայնագրով նախատեսված նպատակների հետ և կլիմայի ֆինանսավորումը միլիարդներից հասցնել տրիլիոնների: Միևնույն ժամանակ, միջազգային ֆինանսական հաստատությունները և զարգացման բազմակողմ բանկերը պետք է բարեփոխվեն, որպեսզի նրանք կարողանան ավելին անել համաշխարհային հանրային բարիքների մատակարարմանն աջակցելու համար։ Իսկ «Կորուստների և վնասների» նոր հիմնադրամին անհրաժեշտ է համապատասխան ֆինանսական խթան: Առաջին էական խոստումները հուսադրող են. այստեղ նույնպես Չինաստանը լինելու է անփոխարինելի գործընկեր։

Առավել բազմաբևեռ դարձող աշխարհում, որը հատկանշվում է մեծ ուժերի վերադարձով մեծ քաղաքականություն, համաձայնեցված միջազգային համագործակցությունը կարող է անիրական թվալ: Բայց նման գլոբալ գոյաբանական մարտահրավերի պայմաններում մենք պարտավոր ենք հաջողության հասնել:

Ժոզեպ Բորել՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն՝ հանդես է գալիս ի նպատ աշխարհում ավելի ուժեղ Եվրոպայի կայացմանը:

Վոպկե Հոկստրա՝ հանդիսանում է հանուն կլիմայի գործողությունների եվրոպական հանձնակատարը։

Հեղինակային իրավունք՝ Project Syndicate, 2023 թվական www.project-syndicate.org

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում