Հասարակական

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված հարցերին, փաստաբանների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքներով վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների կրթության որակի բարձրացման կարևորությունը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության հետ կապված հարցերը։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերոնշյալ անձանց ծնողների և հարազատների հետ, խնդիրը բարձրացնում է պետական իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

Իր հերթին, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում