Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավվածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, ադ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում