Ինովացիա

7-րդ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթը» կհամախմբի ճարտարագիտության, գիտության և արվեստի առաջատար փորձագետներին

7 րոպեի ընթերցում

7-րդ «Հայաստան-ճարտարագիտական շաբաթը» կհամախմբի ճարտարագիտության, գիտության և արվեստի առաջատար փորձագետներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով ինժեներների դերը հասարակության մեջ, պետք է ընդգծել, որ նրանք ամենօրյա ռեժիմով փոխում են մեր կյանքի որակը՝ ներդրում ունենալով գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից՝ գյուղատնտեսություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան- ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքի բացման արարողությանը:

«Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի 12.4 տոկոս աճը մեծապես պայմանավորված էր ԲՏ ոլորտի տեխնոլոգիաների աճով և մեր հասարակությունը պետք է իմանա այս մասին: Մեր, պետության մեծ ուշադրությունը ոլորտի նկատմամբ ունի իր բացասական հետևանքները, որոնք արտահայտվում են մնացած տնտեսական ճյուղերի վերաբերմունքով ԲՏ ոլորտին և որոշակի առումով նաև հատուկ ուշադրությունը բերում է այդ խնդրին: Պետք է նկատենք նրանց դերը մեր բոլոր ոլորտներում»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց՝ ներկա ժամանակներում տեխնոլոգիաներն ամենուր են։ Տեխնոլոգիաների կիրառությունը, ինժեներական լուծումների ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում արագացնում ու նոր տեմպ են հաղորդում դրանց զարգացմանն ու առաջխաղացմանը։

«Հայկական ինժեներական ներուժը բոլոր ժամանակներում իր նշանակալի խոսքն ու ներդրումն է ունեցել ճարտարագիտության բոլոր ուղղություններում։ Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր տաղանդավոր ճարտարագետների նոր սերունդը, շարունակելով այս ուղղությամբ արդեն իսկ ձևավորված ավանդույթները, իրենց հաստատուն խոսքն են ասում այս ոլորտում՝ նպաստելով Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի գիտական ներուժի զարգացմանը։ Երիտասարդների տաղանդը, էներգիան և ստեղծագործական կարողությունները մեր երկրի ներկա և ապագա հաջողությունների և բեկումնային զարգացումների հիմնական պայմաններից են։ Վստահ եմ, որ առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված նրանց գիտական ​​մշակումները կծառայեն մեր երկրի տնտեսության առաջընթացին»,-նշեց նա։

Նախարարի համոզմամբ՝ «Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը կխթանի ոլորտի միջազգային և տեղական կազմակերպությունների միջև փորձի և գաղափարների փոխանակման, միջմշակութային համագործակցության զարգացումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի երիտասարդ մասնագետներին հաղորդակցվելու ոլորտի միջազգային ու հայաստանյան առաջատար մասնագետների հետ։

«Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան, երեք օրերի՝ 24-26-ի ընթացքում կներկայացնի ճարտարագետների վերջին ձեռքբերումները և կխթանի ոլորտի միջազգային և տեղական ներկայացուցիչների միջև փորձի և գաղափարների փոխանակումը, ինչպես նաև` միջոլորտային կապերի ձևավորումը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը շեշտեց՝ պետք է հականալ, թե ինչ դեր ունեն և կարող են ունենալ բարձր տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման համար՝ թե՛ տնտեսության, թե՛ ռազմաարդյունաբերության, թե՛ Հայաստանի աշխարհում դիրքավորման գործում:

«Իմ կարծիքով Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովը, Կառավարությունը, մի քանի նախարարությունները, մասնավոր հատվածը և կարևոր դոնորները հետևողական, միասնական աշխատանք են տանում մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար: Սա բացառիկ հնարավորություն է լինել ավելի ամբիցիոզ և ավելի մեծ թիրախներ դնել ապագայի զարգացման համար: Ուրախ եմ, որ նաև այդ ամենին միացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Հնդկաստանը , Ֆրանսիան և մյուսները, որոնք նույնպես իրենց հետևողական քայլերով Հայաստանը տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական երկիր: Հայաստանը դիրքավորվում է ոչ միայն որպես տարածաշրջանային կարևոր հանգույց, այլ նաև համաշխարհային հանգույց բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսակետից»,-նշեց նա:

Երևանում միջոցառումների մեկնարկը տրվեց Ազգային պատկերասրահում, որտեղ տեղի կունենա 4 պանելային քննարկում բարձր տեխնոլոգիաների և ինժեներական զարգացումների, Հայաստանում դրանց կիրառության և ապագա հնարավորությունների մասին: Առաջին օրը կեզրափակվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման», «Ասպիրանտների աջակցության», ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությամբ։

Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որը մասնակիցներին թույլ կտա բացահայտել շուկայի զարգացումները և հասկանալ դրա ներուժը: Ցուցահանդեսից բացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության և այլ թեմաներով պանելային քննարկումների և աշխատարանների։

Երրորդ օրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նվիրված կլինի աշխատուժի զարգացման և երիտասարդների ներգրավման նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի աշխատուժի զարգացման գործունեություն» ծրագիրը և ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կկազմակերպեն քննարկումներ և կամփոփեն եռօրյա ինտենսիվ միջոցառումների շարքը։

«Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023»-ի գործընկերներն են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և National Instruments-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում