Քաղաքականություն

Յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի․ Դարչիաշվիլին՝ Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված զրահամեքենաների մասին

3 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի․ Դարչիաշվիլին՝ Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված զրահամեքենաների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի տարածքով Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարմանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ թույլատրել է հավասարապես օգտվել իր տրանզիտային երթուղիներից և հավելել, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, իսկ երբ խոսքը գնում է սովորական սարքավորումների կամ միջազգային համաձայնագրերով թույլատրված զենքերին, յուրաքանչյուր պետություն դրանք ձեռք բերելու իրավունք ունի։ «Թբիլիսիի դիրքորոշումն է թույլ տալ երկու երկրներին էլ հավասար պայմաններում օգտագործել տրանզիտային գործառույթը, որը մեր երկիրն ունի։ Այսպիսով՝ սա է մեր արձագանքն այդ թեմային և այլ ակնարկների անհրաժեշտություն չկա»,- ասել է Դարչիաշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկատվությունը կխոչընդոտի՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի կարևոր դերին՝ որպես միջնորդ։

Օրերս համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների լուսանկարներ՝ մեկնաբանություններով, որ լուսանկարներն արված են «Փոթի» նավահանգստում, որտեղից էլ ուղարկվել են Հայաստան։ Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Potiընկերությունը հաստատել էր ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ «Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված էր ընկերության տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանը Ֆրանսիայից զրահամեքենաներ է ձեռք բերել։ Նա նշել է, որ Հայաստանն է դիմել Ֆրանսիային այդ զրահամեքենաները ձեռք բերելու հարցով։ Վրաստանի տարածքով Ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը Հայաստանին Բաքվում դժգոհության ալիք է բարձրացրել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում