Հասարակական

Տյումենի հանքային առողջարար ջրերի գաղտնիքը. տաք հանգիստ սիբիրյան ձյան մեջ

7 րոպեի ընթերցում

Տյումենի հանքային առողջարար ջրերի գաղտնիքը. տաք հանգիստ սիբիրյան ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երբ դրսում 0-ից ցածր ջերմաստիճան է, շատերս հագնում ենք մեր ամենատաք հագուստը, փակվում տանը և մի բաժակ տաք թեյով փորձում ջերմացնել մեր օրը։ Պատկերն այլ է Սիբիրում՝ Տյումենի շրջանում, որտեղ ավելի քան 20 բնական հանքային տաք ջրերի աղբյուրներ կան: Այստեղ, երբ ձմռանը -40 աստիճան է լինում, շատերի համար սովորական է լողազգեստով, սակայն տաք գլխարկով ջրում լինելը:

Տյումենի շրջանը ջերմային ջրերի մայրաքաղաքն է, և նրա տաք աղբյուրները տարածաշրջանի իրական հարստությունն են․ 70 օգտակար տարրեր +38-ից +45 աստիճան ջրում, որը շատ բուժիչ հատկություններ ունի:

Չնայած ԶԼՄ-ների և տուրօպերատորների այցը Սիբիր, որը կազմակերպել էր Տուրիզմի հայկական ֆեդերացիան, ձմռանը չէր, սակայն մեզ էլ բախտ վիճակվեց -10 աստիճան ցրտին վայելել բնական հանքային ջրերի բուժիչ ազդեցությունը:

Հայտնի է, որ Սիբիրը՝ մասնավորապես Տյումենի շրջանը, հայտնի է նավթագազային պաշարներով, հենց նավթագործներին է բախտ վիճակվել «սև ոսկի» փնտրելիս գտնել նաև այս հրաշքը՝ հանքային տաք ջրերի աղբյուրը:

f4.png (2.79 MB)

Միլիոնավոր տարիներ առաջ Սիբիրը շատ տաք կլիմա է ունեցել՝ աղի ծով, արմավենիներ, արև: Հազարամյակների ընթացքում տեկտոնական տեղաշարժերի հետևանքով այն «փակվել է» ընդերքում: Այսպիսով՝ աղբյուրները հնագույն ծովի «հետնորդներն» են: Այն մասին, թե որքան խորն է «թաքնված» օգտակար ջուրը, վկայում է դրա առաջացման խորությունը։ Տյումենի շրջանում +36-ից 48 ջերմաստիճանի ջերմային ջուրը բարձրանում է 1300-ից 2500 մետր խորությունից:

Տաք աղբյուրը գեյզեր է, որը հարվածում է գետնի տակից: Հանքային ջրերի բարձր ջերմաստիճանը ձեռք է բերվում երկրի շերտերում տեղի ունեցող գործընթացների շնորհիվ։ Անցնելով երկրաբանական ապարների տարբեր շերտերի միջով ՝ ճնշման և բարձր ջերմաստիճանի շնորհիվ ջուրը հարստանում է տարբեր տարրերով և հանքանյութերով, ինչը այն դարձնում է բուժիչ մարդու մարմնի համար:

Տաք հանքային ջրի քիմիական կազմը կարող է բազմազան լինել՝ ծծումբ, նատրիում, ազոտ, աղի կամ ածխածնի երկօքսիդ: Իր բաղադրության մեջ ունենալով նատրիումի քլորիդի աղեր, յոդիդ, բրոմիդ և այլ բուժիչ տարրեր՝ հանքային ջուրը բարենպաստ ազդեցություն է ունենում բազմաթիվ հիվանդությունների վրա՝ աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի, սրտի, արյան անոթների, մկանային-կմախքային համակարգի հիվանդությունների: Այս օգտակար ջրերը արագացնում են նյութափոխանակությունը, կայունացնում այն և նույնիսկ հարթեցնում փոքր կնճիռները:

Սիբիրի այս բնական հանքային ջրերն իրենց յուրահատուկ կազմով մի քանի անգամ գերազանցում են նմանատիպ հանքային ջրերի աղբյուրներին:

f2.png (1.64 MB)

Այստեղ կան տասնյակ ջերմային առողջարաններ՝ սկսած ամենապարզ լողավազաններից և վերջացրած շոգեբաղնիքներով ևspa համալիրներով: Այցելուները բազմազան են՝ մանկահասակ երեխաներից մինչև տարեցներ:

Իհարկե, այստեղ հաճելի է ձմռանը գտնվել, սակայն հանքային տաք ջրերը զբոսաշրջիկներին և տեղացիներին հասանելի են տարվա բոլոր եղանակներին: Կախված եղանակից՝ դրանք չեն կորցնում իրենց բուժիչ լինելու հատկությունը:

f5.png (2.27 MB)

Հանքային լողավազաններում ջրի ջերմաստիճանը սովորաբար պահպանվում է +35-ից +45 աստիճանում, ուստի աշուն-ձմեռ ժամանակահատվածում աղբյուրներում լողալը հատկապես հարմարավետ է դառնում տաք ջրի և սառը օդի հակադրության պատճառով: Նման բնական ջակուզիում կարելի է լողալ նույնիսկ սիբիրյան սառնամանիքին։

Ի տարբերություն սովորական ծովափնյա հանգստավայրերի՝ ջերմային հանգստավայրերը կարող են զբոսաշրջիկներին ընդունել ամբողջ տարվա ընթացքում: Վերականգնողական նպատակով կարելի է այցելել Տյումենի մարզ, օրինակ ՝ տուրօպերատորի հետ պատրաստի շրջագայություն պատվիրելով: Տյումենում կան շատ հարմարավետ հյուրանոցներ՝ գնային բազմազանությամբ՝ հասանելի բոլորին: Դրանցից մեկում մնալով՝ հնարավորություն կա այցելել տարբեր հանքային աղբյուրներ:

f3.png (2.36 MB)

Ամենանորաձև տաք աղբյուրը գտնվում է հենց քաղաքում՝ կենտրոնից տասը րոպե հեռավորության վրա: «ԱմառԱմառ» («ЛетоЛето») հյուրանոցը, որը նաև տարածաշրջանի ամենամեծ ջրաշխարհն ունի, այցելուներին հայտնի է իր ժամանցային բազմազանությամբ և հարմարավետությամբ: Ջրաշխարհը առանձնացված է spa կենտրոնից, ուստի ավելի լավ է գնել համապատասխան տոմս՝ երկու գոտիներ այցելելու համար: Այցելուների համար հասանելի են զգեստապահարան, հանդերձարաններ, ցնցուղներ, տասնյակ սահախողովակներ, տաք լողավազաններ, արհեստական ալիքներ, մանկական տարածք՝ փոքր սահախողովակներով, սննդի կետեր՝ հարուստ սիբիրյան խոհանոցով:

380636309_7106809172703617_4475617524185689287_n.jpg (259 KB)

Հանքային ջրի աղբյուրը գտնվում է Տայգայում համանուն էկոպարկում։ +34-ից +38 ջերմաստիճանի ջերմային հանքային ջուրը բնության իսկական հրաշք է, քանի որ սովորաբար հիդրոկարբոնատային ջրերը դուրս են գալիս ցածր ջերմաստիճանով: 1256 մետր խորությունից եկող ջրի մեջ լողալը թարմացնում է, բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում նյարդային լարվածությունը և նպաստում արևի ազդեցության ժամանակ արագ արևայրուք ստանալուն: Բացի աղբյուրից, տարածքում կան երեք ռուսական բաղնիքներ և ֆիննական շոգեբաղնիքներ։ Տորթի «բալը» կդառնա խոսող թութակը, որն ապրում է սրճարանում։

387623612_2073203383036502_6222997837231315061_n.jpg (224 KB)

Տարբեր գնային առաջարկներով հյուրանոցները այս զարմանահրաշ աշխարհը հասանելի են դարձնում բոլորին: Նորաձև և հարմարավետ տաք աղբյուրները հանքային ջրերով և լրացուցիչ հարմարություններով ստեղծում է հանգստի և առողջության, խնամքի յուրահատուկ մթնոլորտ:

387617279_304740395721664_4813951119000527875_n.jpg (114 KB)

Այսպիսով, Սիբիրի Տյումենի շրջանը տալիս է ոչ միայն նավթային հարստություն, այլ նաև բնական հրաշքներ, որոնք կարող են առողջություն և ուրախություն պարգևել յուրաքանչյուրին:

Պատրաստեց՝ Կարինե Տերտերյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում