Մշակույթ

Ալեքսանդրինյան թատրոնի օրերը Երևանում կանցնեն երկու ներկայացումների ցուցադրմամբ

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդրինյան թատրոնի օրերը Երևանում կանցնեն երկու ներկայացումների ցուցադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում կանցկացվեն Ալեքսանդրինյան թատրոնի օրերը։

Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը լրագրողներին ասել է, որ թատերախումբը Հայաստան հյուրախաղերի է մեկնում իր նախորդ այցելությունից 40 տարի անց։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հայաստանում հյուրախաղերը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Զարմանալի է, բայց Ալեքսանդրինյան թատրոնը Երևան է ժամանում իր ամբողջ պատմության ընթացքում ընդամենը երկրորդ անգամ։ Ուղիղ 40 տարի առաջ՝ 1983 թվականի հոկտեմբերին, այստեղ ցուցադրվեց «Քանի դեռ բաբախում է սիրտը» ներկայացումը, որն, անշուշտ, կարևոր էր այն ժամանակվա խաղացանկի համար: Հիմա մենք բերում ենք բոլորովին այլ Ալեքսանդրինյան թատրոն, որը 21-րդ դարում վերականգնել է Ռուսաստանի առաջին և առաջատար դրամատիկական թատրոնի` իր կարգավիճակը»,- ​​ասել է Ֆոկինը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվեն Ֆոկինի «Ամուսնություն» և թատերախմբի գլխավոր ռեժիսոր Նիկիտա Կոբելևի «Արարածը» ներկայացումները։ Բացի այդ, տեղի կունենա «Պետրոպոլիս» ֆիլմի հատուկ ցուցադրությունը և կներկայացվի «Ռուսական բեմի ընտիր կերպարները» ցուցահանդեսը։

Ինչպես նշել է գեղարվեստական ​​ղեկավարը, իր համար շատ կարևոր է նաև հանդիսատեսի հետ հանդիպումը, մինչ իր «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունը։ «Համոզված եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ հատկապես անհրաժեշտ է հնարավորություն ունենալ խոսելու, լսելու, հասկանալու միմյանց»,- կարծում է ռեժիսորը։

Սա պետերբուրգցիների պատասխան այցն է Երևան։ Այս աշնանը Սունդուկյանի անվան ազգային թատրոնը հաջողությամբ հանդես եկավ «Ալեքսանդրինսկի» XI միջազգային թատերական փառատոնում՝ այստեղ ցուցադրելով երկու բեմադրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում