Մոսկվայում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։

Հատուկ ձևավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, այլև պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստը, արհեստները։

Հայաստանյան թանգարաններից ներկայացված նմուշները՝ ուրարտական արքաների վահաններ, սաղավարտներ, կապարճներ, արձանագրություններ, արձանագիր ափսեներ, պատկերապատ գավաթներ, արդուզարդի պարագաներ, կնիքներ, ծիսական արձանիկներ, կավանոթներ, համադրվել են ռուսական թանգարաններում պահվող որմնանկարների և համանման առարկաների հետ: Ներառված են նաև նախորդ դարից սկսած ուրարտական հուշարձանների պեղման, վերականգնման, ուսումնասիրման հետ կապված վավերագրեր, գեղարվեստական գործեր, գծապատկերներ, շոշափողական նմուշներ, ֆիլմեր և այլն։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Նրանք ռուս գործընկերների հետ մասնակցել են մամուլի ասուլիսին և բացման միջոցառումներին։ Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջ բերել Մոսկվայի մշակութային կյանքում։ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովայի հաղորդմամբ՝ արդեն իսկ բոլոր բացատրական տոմսերը սպառվել են։

Ցուցահանդեսին հաջորդող երկու օրերին կից ցուցասրահներում հանրային դասախոսություններ են կարդացել «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։

Ցուցահանդեսի իրականացման շրջանակում նախատեսվում է հրատարակել նաև գիտական կատալոգ, որի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2024 թ․ հունվարի 28-ը։

Նշվում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Էրմիտաժի, Ռուսաստանի պետական պատմական թանգարանի և Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանի համագործակցությամբ։

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը