Քաղաքականություն

Ֆրանսիայի հետ Հայաստանի խոսակցությունը շարունակական է, այդպես էլ կմնա. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հետ Հայաստանի խոսակցությունը շարունակական է, այդպես էլ կմնա. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակելու է բազմոլորտ համագործակցությունը Ֆրանսիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

«Անշուշտ, մենք շարունակելու ենք բազմոլորտ համագործակցությունը մեր մյուս բարեկամների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի հետ: Մշտապես տեղի են ունենում բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցեր: Խոսակցությունը շարունակական է և այդպես էլ շարունակելու է մնալ»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Նախարարը հատուկ ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում: «Մենք, պայմանականորեն, բացահայտում ենք Եվրոպական միության հետ համագործակցության նոր հարթակներ, նոր ուղղություններ, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»,-ասաց Միրզոյանը:

Կան Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով ստանձնած պարտավորություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և Հայաստանի, և Եվրամիության կողմից: Այս համատեքստում նախարարը հիշեցրեց վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին:

Հայաստանը նույն կերպ կարևորություն է հաղորդում իր հարաբերություններին ԱՄՆ-ի հետ, ավանդական գործընկերների՝ Ռուսաստանի հետ, որի հետ կապված է բազմոլորտ կապերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում