ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը կողմնակից է, որ Եվրամիությունը ընդլայնի իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոթն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես կողմնակից եմ, որ Եվրամիությունը ընդլայնի իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ի շահ հայ ժողովրդի ապահովության և անվտանգության։ Մենք սատարում ենք այս քաղաքականությանը»,- ասաց Ռոթը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդում իր ելույթում ուղենիշային մի դրույթ ներկայացրեց, որը նշանակում է Հայաստանի պատրաստակամությունը մերձենալ եվրոպական կառույցներին, որքանով դա հնարավոր է։
« Դա ենթադրում է, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս արագ զարգացնի և ընդլայնի իր տնտեսական և քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ և ավելի լայն աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին»,- ընդգծեց Ռոթը։