Երևանցիների խնդիրները պետք է լինեն առաջնային. Տիգրան Ավինյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքային իշխանության համար առաջնային են լինելու երևանցիների խնդիրները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց իր երդմամբ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե ովքե՞ր են ստանձնելու փոխքաղաքապետերի պաշտոնը՝ Ավինյանը պատասխանեց, որ երբ հստակ կորոշեն թեկնածուներին, կանեն հայտարարություն:
«Պաշտոն ստանձնելն ուղղակի աթոռների բաժանում չի: Շատ կարևոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր են՝ լինի փոխքաղաքապետ, թե թաղապետ: Այդ մարդիկ կրելու են բավականին ծանր բեռ: Երևանցիների խնդիրները պետք է լինեն առաջնային»,-ասաց քաղաքապետը:
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները հոկտեմբերի 10-ին համագործակցության հուշագիր էին ստորագրել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավինյանի՝ երդման արարողությանն արդեն հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներով Երևանի կառավարման նոր մոդել է փորձարկվելու։ Մայրաքաղաքի կառավարումը գործադիր հատվածում իրականացնելու են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները:
Խոսելով կառավարման այս մոդելի մասին՝ Ավինյանն ասաց, որ դա 2018 թվականից հետո խոշոր հետընտրական դաշինքի փորձերից մեկն է:
«Եվ ես վստահ եմ, որ այս փորձը հաջողությամբ է պսակվելու»,-ասաց Ավինյանը:
Ըստ նորընտիր քաղաքապետի՝ դա այն մոդելն է, որը մարդիկ կտեսնեն նաև տարբեր քաղաքներում, համապետական մակարդակում: