«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն Ադրբեջանից պահանջում է վերջ տալ հայատյացության զազրելի քաղաքականությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության խոսքի, վախի և սպառնալիքի շարունակական աճի հետ կապված՝ Ադրբեջանից պահանջելով վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային հանրությունից պահանջելով հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991-ի, 2020-ի և 2023-ի փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղաբնիկ հայությունը ենթարկվեց բռնի տեղահանման, որն իրականացավ անմարդկային պայմաններում՝ սննդի, փոխադրամիջոցների անբավարարության, և որ առավել սարսափելի է, ռազմական մշտական սպառնալիքի ուղեկցությամբ։

Ադրբեջանական քարոզչամեքենան անգամ այս պայմաններում շարունակում է հայերի նկատմամբ ատելության խոսքի քարոզը։ Սոցիալական ցանցերում տարածվում են պետական պատվերով արված ձայնագրություններ և տեսահոլովակներ, որոնք իբրև ցույց են տալիս ադրբեջանցիների բարյացկամ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Սա աներկբայորեն արվում է միջազգային հանրությանը մոլորեցնելու, արված վայրագությունները թաքցնելու, պատասխանատվությունից խուսափելու և աշխարհին քաղաքակիրթ երևալու համար։ Սակայն հարց է առաջանում․ եթե իրապես ճշմարտացի է ադրբեջանցիների ողջախոհ վերաբերմունքը հասարակ հայերի նկատմամբ, ապա ինչո՞ւ որևէ հայ չցանկացավ մնալ ադրբեջանական վերահսկողության տակ, ինչո՞ւ են բռնի տեղահանվածները սահմանն անցել զենքի սպառնալիքով՝ սեփական կյանքի նկատմամբ ապահովության տարրական պայմանների բացակայությամբ։ Սրանք հարցեր են որոնց պատասխանը մեկն է․ Ադրբեջանի վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայազրկելն է, ինչպես որ հայաթափվել են Նախիջևանը, Բաքուն, Սումգայիթը, Շաքին, Գանձակը և այլ հայաշատ բնակավայրեր։

Ավելի քան երեսուն տարի է, ինչ մենք՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներս, չենք կարողանում վերադառնալ մեր բնակության նախնական վայրեր, ստանալ փոխհատուցում, վերականգնել մեր քաղաքացիական իրավունքները, որի միակ պատճառը Ադրբեջանում հայատյացության աներևակայելի բարձր մակարդակն է։ Այս ցեղասպան գործելակերպը, որը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ դարձել է կոտորածների, տեղահանության, հայրենազրկման զազրելի պատճառ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից ողջ խստությամբ՝ ապագայում դրա հերթական կրկնությունը բացառելու պայմանով։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը։ Պահանջում ենք միջազգային հանրությունից հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991թ․, 2020թ․ և 2023թ․ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար, որովհետև ի վերջո քաղաքակրթությունը պետք է պաշտպանի իր իսկ ստեղծողներին»։

Հայերեն

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցություն․ Ուիգմորը գործընկերության հուշագիր է ստորագրում Great Ormond Street Hospital-ի հետ

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ