Քաղաքականություն

Հուսով ենք՝ Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հուսով ենք՝ Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի:

Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը:

Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ:

«Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը և խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա»,- եզրափակել է Սիմոնյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում