Հասարակական

Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը. նախաձեռնվել է քրեական վարույթ

4 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանն օտարելու առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող տարածքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող վարչական շենքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբ Երևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ, կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և այլն:

Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում հանդես է եկել Երևանի քաղաքապետը:

2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝ Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ վերոնշյալ տարածքը կրկին ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ 2007 թվականի մարտի 1-ի որոշմամբ սահմանված նույնաբովանդակ հիմնավորմամբ: Տարածքի ձեռքբերողը կրկին հանդիսացել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի սեպտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2023 թվականին ընդունված Քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Նշվում է, որ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, կքննարկի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով Վարչական դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում