Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

6 րոպեի ընթերցում

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ կան օրենսդրական բացեր, ինչպես նաև համապատասխան  գերատեսչությունների համագործակցության և հասարակության իրազեկվածության բացակայություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը՝ անդրադառնալով  հուլիսի 26-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում աշխատակցուհին ծեծում երեխային։ 

Նա նշեց՝ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման ուղղությամբ   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ մեծ գլուխ է հատկացվել, ինչը վկայում է, որ պետության տեսանկյունից դեռևս շատ անելիքներ կան այս հարցը հստակ հասցեավորելու և կարգավորումներ նախատեսելու առնչությամբ:

«Մենք հիմնականում աշխատում ենք պետության համապատասխան գերատեսչությունների աշխատանքների և համագործակցության  ուսումնասիրությամբ: Օրինակ  կոնկրետ այս դեպքով ինչպիսի աջակցություններ է տրամադրվել, արդյոք պետությունը ձեռնարկե՞լ է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համապարփակ կերպով ուսումնասիրի դեպքը և անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի բոլոր ասպեկտներով: 

Արձանագրված խնդիրները երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու տեսանկյունից բազմաթիվ են, իսկ այս գործընթացների մեջ դեպքերն ունեն օրենսդրական և համապարփակ ռազմավարությունների հետ կապված առանձին խնդիրներ, կան նաև համագործակցության բացակայության հետ կապված հարցեր, երբ պետական իրավասու մարմինները կամ գերատեսչությունները, բռնության դեպքը տեսնելիս, չեն արձագանքում և միմյանց հետ չեն համագործակցում»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով տվյալ խնդրի շուրջ օրենսդրական բացերին՝ Հակոբյանը նշեց, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ նախատեսել, որպեսզի բռնության դեպքերի պարագայում  նախ հստակ լինեն  կանխարգելման մեխանիզմերը, թե ինչպես պետք է արձագանքել այս բոլոր գործընթացներին և՛ դպրոցներում, և՛ մանկապարտեզներում, և՛ մնացած բոլոր հաստատություններում: 

Նա ասաց, որ օրենսդրական փոփոխությունների տեսակետից այս տարի ընդունվել է նոր կետ, որտեղ հստակ նշված են այն գերատեսչությունները, որոնք ունեն պարտավորություններ արձագանքելու երեխայի հանդեպ բռնությանը և համագործակցելու  միմյանց հետ, դրանք են՝  ԿԳՄՍ նախարարությունը, ոստիկանությունը, ուսումնական հաստատությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինները: Մշտապես արձանագրվող բացերը լրացնելու համար այս կարգավորումը  հստակ  նշում է համագործակցության ուղիները, թե որ դեպքում ուր պետք է դիմել: 

 «Վերջերս ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել է ուղեցույց, թե դպրոցներում ինչպես պետք է բացահայտեն երեխայի նկատմամբ  բռնության դեպքերը, ի՞նչ պլան պետք է ունենան: Ցավոք, պետք է նշեմ, որ մեր մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մի շարք դպրոցներ դեռևս տեղյակ չեն այս հատուկ կարգից,  ըստ որի՝ պետք է ունենան առանձին մասնագետ, ով պետք է զբաղվի հենց այդ խնդրով, չգիտեն, թե ինչպես պետք է արձագանքել այս դեպքերին, այսինքն՝ ունենք նաև իրազեկվածության պակաս»,- ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետը: 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց՝ երեխաների նկատմամբ ցանկացած բռնության դեպքի առաջին հերթին պետք է արձագանքի և բարձրաձայնի ծնողը, որպեսզի երեխան չկորցնի ծնողի հանդեպ վստահությունը:  

«Այս հարցի շուրջ պետք է առաջինը հասարակությունը փոխի իր պատկերացումը, երեխան պետք է լինի պաշտպանված և՛ դրսում, և՛ տանը: Շատ հաճախ դայակները արդարացնում են իրենց կողմից ուժի կիրառումը՝ նշելով, որ տվյալ պահին երեխային վերաբերվում են որպես ծնող: Երեխաների հետ իրենց լեզվով չխոսելը, չզբաղվելը, նրանց փոխադարձ համագործակցության դաշտ չբերելը և պատիժներով, լռեցնելով դաստիարակելը հանգեցնելու է հասարակության ձևավորման, որտեղ համատարած  է լինելու  բռնության թույլատրելիությունը»,- ասաց իրավապաշտպանը:

Հովհաննիսյանը նշեց, որ սա եզակի դեպք չէ, շատ հաճախ են հանդիպում մանկապարտեզներում երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեպքեր, որը միանշանակ փոխում է երեխայի վարքը: Ըստ նրա՝ շատ հաճախ ծնողը կարող է անտեսել երեխայի վարքային փոփոխությունը՝ այն համարելով բնական:

Անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում վերջին դեպքին  և նման դեպքերը կանխելուն ուղղված քայլերին՝ Զարուհի Հովհաննիսյանը  նշեց, որ առաջին հերթին պետք է բարձրացնել հանրային իրազեկվածությունը. «Կարևոր է, որ նման դեպքերում առաջին քայլերը իրականացնեն և արագ արձագանքեն երեխային ամենամոտ կանգնած կառույցները՝ խնամակալության հոգաբարձության մարմինը,  ԿԳՄՍ նախարարությունը, համայնքապետարանը և երեխաների հետ առնչվող բոլոր կառույցները»:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում