Քաղաքականություն

Գերմանիան մեծացնում է հումանիտար աջակցությունն ու հնարավորինս շուտ ԼՂ դիտորդներ ուղարկելու ցանկություն հայտնում

2 րոպեի ընթերցում

Գերմանիան մեծացնում է հումանիտար աջակցությունն ու հնարավորինս շուտ ԼՂ դիտորդներ ուղարկելու ցանկություն հայտնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում Բերբոքը գրել է, որ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան՝ հաճախ միայն ամենաանհրաժեշտ իրերով և ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով:

«Յուրաքանչյուր ժամ նրանց թիվն ավելանում է: Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպիսին է Լեռնային Ղարաբաղում մարդկանց վիճակը։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։

Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։

Գրեթե ամեն ինչ դեռ պակասում է։ Լաչինի միջանցքով օգնությունը չպետք է մարդկանց հասնի մաս-մաս, այլ հուսալիորեն և միշտ։ Ես որոշել եմ ԿԽՄԿ միջոցով մեր մարդասիրական օգնությունը 2-ից դարձնել 5 մլն եվրո»,- գրել է Անալենա Բերբոքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում