Հասարակական

Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը

2 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում սեպտեմբերի 22-24-ն անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

1 (5).jpg (327 KB)

Փառատոնի գործընկերներն էին RBB München Iguanas e.V., Upsala Zirkus, «Ունիսոն» ՀԿ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։

Փառատոնի մեկնարկը տրվել է Գյոթե կենտրոնում կազմակերպված հանդիպմամբ: Ցուցադրվել են տեսանյութեր և ռեպորտաժներ Մյունխենի և Ցայտցի առաջին երկու փառատոններից, ինչպես նաև կայացել է «IN C - Tbilisi» ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդել է կինոնկարի քննարկումը նախագծի կոորդինատոր Մակի Չկաիձեի մասնակցությամբ։ Ելույթ է ունեցել ներառական «Փարոս» երգչախումբը։

1 (12).jpg (476 KB)

Այնուհետև երկու օր շարունակ տարատեսակ ինտերակտիվ միջոցառումներ են անցկացվել Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 17 դպրոցում։ Մասնավորապես, տեղի է ունեցել հայ երգի երեկո, պարեր, տեգախաղ, կրկեսային պարապմունք Upsala Zirkus-ի հետ, սայլակով բասկետբոլ Մյունխենից ժամանած RBB Iguanas թիմի հետ, ժեստերի լեզվի սեմինարներ, առաջին բուժօգնության դասընթաց և այլն։

1 (9).jpg (434 KB)

«Մեզ համար չափազանց կարևոր է, որ չնայած այս դժվարին պահին, մեր փառատոնը կայացավ։ Մեր երեխաները մեր ապագան են, իսկ նրանց բարեկեցությունն ու երջանկությունը մեր պարտականությունն է: Մեր փառատոնը հիշեցնում է, որ, անկախ հանգամանքներից, շատ կարևոր է երեխաներին և դեռահասներին ապրելու մոտիվացիա տալը։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ստեղծագործելու, սովորելու և այլ մշակույթների հասակակիցների հետ հանդիպելու»,- ասել են միջոցառման կազմակերպիչները։

1 (1).jpg (372 KB)

Փառատոնի նպատակն է ցույց տալ տարբեր մշակույթների և երկրների երեխաների և մեծահասակների միջև հաղորդակցության հնարավորությունը՝ առանց միմյանց լեզուների իմացության, այդպիսով գտնելով ընդհանուր լեզու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում