Podcast. Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգն օրեցօր համալրվում է նոր ֆունկցիաներով
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային առողջապահության թվայնացումն անհրաժեշտ և կարևոր տեղեկատվական հարթակ է, որն իր մեջ ներառում է բժշկի հեռավար խորհրդատվությունից մինչև արհեստական բանականության կիրառումը։ Այս համակարգի ներդրումը շեշտակի դյուրացնում է բժիշկ-բուժառու կապը, քանի որ այն պարունակում է բոլոր անհրաժեշտ գործիքները, որը կօգնի և կխթանի ճիշտ եզրակացության կայացմանը։ Ոլորտին առնչվող այս և այլ թեմաների շուրջ պոդքաստի շրջանակում զրուցել ենք էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ գործադիր տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։
Զրույցն ամբողջությամբ լսեք «Արմենպրես»Podcast- ում։
Աշխարհի մի շարք զարգացած երկրներում էլեկտրոնային առողջապահությունը լայն կիրառում ունի։ 2017 թ-ից Հայաստանում ևս ներդրվեց թվային ԱՐՄԵԴ համակարգը, որն ավելի լայն տարածում գտավ Covid -ի ժամանակ, երբ գործարկվեց ArMed Health բջջային հավելվածը։
Ավետ Մանուկյանը մանրամասնեց էլեկտրոնային առողջապահության թվայնացման հիմնական գործառույթը.
«Էլեկտրոնային առողջապահության նպատակն է ցանկացած բժշկական գրառում, որն այս կամ այն կերպով փոխկապակցված է քաղաքացու բուժզննմանը, հետազոտությունների արդյունքներին, դարձնել էլեկտրոնային ոչ միայն տեքստային, այլ նախ՝ կոդավորել, ստանդարտացնել և պահել տվյալների բազայում, որպեսզի ցանկացած բժշկի այցի ժամանակ բուժառուի անձնական տվյալների միջոցով բժիշկը հասանելիություն ունենա հավաքագրված տվյալներին։ Այս հասանելի ինֆորմացիան երբեմն կենսական դեր կարող է ունենալ և ինչու չէ, կյանքեր փրկել»,-նշեց նա։
Ըստ մասնագետի՝ Էլեկտրոնային առողջապահությունը փորձում է հնարավորինս համապարփակ տեղեկատվություն մատուցել բժշկին։
«Եթե դասակարգենք, ապա կարող ենք բաժանել սուբյեկտիվ և օբյեկտիվ դրույթների։ Սուբյեկտիվ է այն, երբ պացիենտն ինքն է հայտնում իր գանգատները, իսկ օբյեկտիվ՝ երբ բժշկն է կատարում ֆիզիկական զննում և գործիքային հետազոտություն, որտեղ բացակայում է մարդու սխալվելու գործոնը։ Այս հետազոտությունների համակցմամբ բժիշկը կամ հաստատում է կասկածը և նշանակվում է դիագնոզ, կամ իրականացվում է օբյեկտիվ հետազոտություն այլ ուղղություններով։ Արդյունքում՝ ունենալով վերջնական ախտորոշում, օգտվելով համաշխարհային լավագույն փորձից, նշանակվում է բուժում։ Բուժման ընթացքում համակարգում կան հատուկ կետեր, որոնք պետք է ստուգել՝ արդյո՞ք ընթացքը համապատասխանում է կանխորոշված բուժման սխեմային։ Եվ եթե այն համապատասխանում է սպասվելիք ընթացքին, հետևաբար՝ բուժման կուրսը ճիշտ է»,-մանրամասնում է Մանուկյանը։
Նա կարևորում է Էլեկտրոնային առողջապահության թվայնացման գործում արհեստական բանականության կիրառումը։
«Երբ մենք խոսում ենք էլեկտրոնային առողջապահությունից, մենք չենք կարող չխոսել արհեստական բանականությունից։ Մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է, քանի որ մեկը հավաքագրում է տեղեկատվությունը, մյուսը հավաքագրված տեղեկատվության վրա կատարում է մշակում և օգնում է մարդուն ճիշտ որոշումների կայացմանը։ Ախտորոշման նշանակումը որոշման կայացում է, առանց ճշգրիտ ախտորոշման չկա արդյունավետ բուժում։ Համաշխարհային առողջապահական բժշկական հանրության կողմից միլիոնավոր փորձերի արդյունքում ստեղծվել և կիրառվում են օպտիմալ բուժման սխեմաները։ Կարևորը հստակ ախտորոշումն է։ Ախտորոշումները շատ են, և իրենք իրենցից ներկայացնում են թվեր և կոդեր, որոնք էլ կիրառվում են առողջապահության էլեկտրոնային համակարգում»,- պարզաբանեց նա։
Ավետ Մանուկյանը նշում է, որ այս համակարգի զարգացումն անվերջանալի կատարելագործման պրոցես է. «Ուրախությամբ կարող եմ փաստել, որ առաջին և բարդ կետը հաղթահարված է՝ անկախ նրանից, թե առողջապահական ծառայության համար ով է վճարել՝ պացիենտը, ապահովագրական ընկերությունը, թե պետական առողջապահական գործակալությունը, տեղեկատվությունը՝ կապված այդ վճարված ծառայության հետ, ամբողջությամբ կարտացոլվի էլեկտրոնային համակարգում։ Լավ կլինի, երբ բացառապես բոլոր հետազոտությունների արդյունքները ներբեռնված լինեն համակարգում։ Այս գործում իր դերն ու հետևողականությունը ունի ոչ միայն բժիշկը, այլ նաև բուժառուն։ Մենք պիտի ձգտենք 99 տոկոս արդյունքների հավաքագրման, որպեսզի կարողանանք վստահությամբ ասել, որ ArMed -ն իր մեջ ներառում է ողջ տեղեկատվական անհրաժեշտ բազան։ Իսկ այս ամենը նպաստում է ավելի բարձր որակի բժշկական որոշումների կայացմանը։ Եվ մեր նպատակն է կատարել ճշգրիտ ախտորոշում, բուժում և ունենալ առողջ և երջանիկ հասարակություն»։
Մանուկյանն անդրադարձավ ապահովագրական արդյունավետ համակարգի ներդրման կարևորությանը էլեկտրոնային առողջապահության թվայնացման մեջ։
«Էստեղ ես կնշեմ արդեն քառասուն և ավելի տարի կիրառվող միջազգային փորձը։ Ապահովագրությունը ռիսկերի հաշվարկ է, որը կատարում են մասնագետները, մաթեմատիկները՝ տեղեկատվության հիման վրա։ Եթե չունենք հավաքագրված տեղեկատվություն, ապա արդյունավետ հաշվարկ չենք կարող իրականացնել։ Մեր դեպքում էլեկտրոնային առողջապահական համակարգն է պարունակում ամբողջ տեղեկությունների բազան։ Ռիսկերի ճիշտ հաշվարկների դեպքում ֆոնդերը մեզ կտրամադրեն անհրաժեշտ գումարը և մենք հանգիստ կարող ենք լինել, որ ցանկացած դեպքում և անհրաժեշտ պահի այդ գումարն ամբողջությամբ կտրամադրվի և մենք կունենանք արդար ապահովագրական համակարգ»,-ասաց նա։
«Վերջերս ԱՀԿ երկրորդ գագաթնաժողովին մեր երկրի առողջապահական համակարգի թվայնացման փորձն ու առաջիկա ծրագրերը ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրեց է Լիսաբոնում՝ «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրի ներքո։ Նախարարի ելույթից հետո ոլորտի լիդերները նշել են, որ եղել են Հայաստանում և տեսել այս ոլորտի հաջողությունները և ցանկալի կլիներ, որ կիսվեին փորձով։ Դա ինձ համար շատ ուրախալի փաստ է, և ասեմ, որ մինչև հաջորդ տարվա սկիզբ կյանքի կկոչվեն նոր և առաջատար ծրագրեր, որոնք էլի մի քանի քայլ առաջ են»,- նշեց մասնագետը։
Տաթև Զաքարյան
Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները