ԼՂ-ում ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է. Փաշինյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից ստացված վերջին տեղեկությունների համաձայն` ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ուղիղ եթերում:
«Վերջին տեղեկատվությունը, որ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է»,-ասաց վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, առավել ևս այս պայմաններում կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։