Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ի շարունակություն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում