Արցախ

Ձեր հեղինակությամբ պիտի նպաստեք համերաշխ միասնականության հաստատմանը. Գարեգին Բ-ի շնորհավորանքն Արցախի նորընտիր նախագահին

2 րոպեի ընթերցում

Ձեր հեղինակությամբ պիտի նպաստեք համերաշխ միասնականության հաստատմանը. Գարեգին Բ-ի շնորհավորանքն Արցախի նորընտիր նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Սամվել Շահրամանյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով:

Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական լրջագույն մարտահրավերների հանդիման և իննամսյա փաստացի շրջափակման պայմաններում հերոսաբար մաքարում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Արցախի արդար պայքարում ներգրավված է ազգի յուրաքանչյուր զավակ, և, հավատում ենք, որ համայն հայության հաստատակամությամբ ու ներուժով, ինչպես և միջազգային հանրության աջակցությամբ պիտի կարողանանք հասնել հիմնախնդրի ցանկալի հանգուցալուծմանը՝ հայրենի հողի վրա արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի պաշտպանությանը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Վկայությունն ունենալով տարբեր բարձր պաշտոններում Ձեր բարեխիղճ, անձնվեր և նախանձախնդիր ծառայության՝ լիահույս եք, որ Ձեր փորձառությամբ և հեղինակությամբ պիտի նպաստեք Արցախում համերաշխ միասնականության ու համագործակցության մթնոլորտի հաստատմանը և ժողովրդի ոգու և լավատեսության զորացմանը ՝ ի նպաստ արցախահայության անկախ ու անվտանգ կյանքի և բարօր գալիքի կերտման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր զորակցությունն եք բերում Ձեզ՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնության ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ հայրենի մեր Արցախ աշխարհի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում