Հասարակական

Մարզահամերգային համալիրը տարբեր միջոցառումներ հյուրընկալելու մեր հաղթաթուղթն է. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Մարզահամերգային համալիրը տարբեր միջոցառումներ հյուրընկալելու մեր հաղթաթուղթն է. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահի հրամանագրով՝ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և Գրիգոր Ազիզյանը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել համալիրի սպասարկման ծառայության պետ Ցոլակ Միքայելի Սարգսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Պարգևները հանձնել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով ներկա է գտնվել մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել. «Ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է 1970-80-ականներին այսպիսի մտահղացում եղել` ստեղծելու 21-րդ դարի կառույց։

Եվ սա ֆիքսում ենք ոչ միայն մենք, այլև բոլոր այն միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ այստեղ մեծ միջոցառումներ ենք անցկացնում։ Գիտեք, որ 40 տարի անց այս շենքում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ինչո՞ւ եմ ասում 40 տարի անց, որովհետև այս շենքն իրականում 1980-ականների սկզբին կառուցվում էր Եվրոպայի և Աշխարհի ծանրամարտի առաջնությունն անցկացնելու համար, որը, ցավոք, Հայաստանից տեղափոխվել էր Մոսկվա։

Ըստ էության, 40 տարի անց բոլոր հեղինակների, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի երազանքն էլ ի կատար ածվեց և այս շենքն ընդունեց այդ մեծ միջոցառումը, որը փայլուն անցկացվեց, որովհետև մենք ունեինք այսպիսի ենթակառուցվածք։ Այստեղ անցկացրեցինք նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ համալիրում բարձր մակարդակով անցկացվում են մարզական, երաժշտական միջոցառումներ, և դա նաև շնորհիվ այս կառույցի և ենթակառուցվածքի։

Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրը մեր հաղթաթուղթն է բոլոր հայտերում` հյուրընկալու տվյալ միջոցառումը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին պարգևատրել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված հուշամեդալով:

4-2.jpg (1.00 MB)

5.jpg (856 KB)

7.jpg (652 KB)

9.jpg (809 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում