ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։
«Կարծես թե ՀԱՊԿ-ն է, որ ձեռքերը լվացել է ու դուրս եկել Հայաստանից։ Ինչ մնում է տեխնիկական կողմին և այդ գործընթացներին, հավելյալ քննարկման առարկա է։ Ճիշտ ժամանակի, պահի և հետևանքների շուրջ պետք է համալիր քննարկում լինի»,- ավելացրեց Խանդանյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանը բաց է համագործակցելու անվտանգության և պաշտպանության ոլորտում այլ գործընկերների հետ։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին փոխարինելու հեռանկարի վերաբերյալ հարցին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց․
«ՀԱՊԿ-ին ի՞նչպես փոխարինել, եթե ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Չենք ցանկանում մի այնպիսի մեխանիզմի հետ համագործակցել, որ կրկին անգործություն կցուցաբերի»։