Արցախ

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին կոչ է արել նոր նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին կոչ է արել նոր նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանն Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է արել նոր նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի իր էջում։

Նա հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո դադարեցրել է իր կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հետ՝ շեշտելով, որ որևէ կերպ չի կարող և չի ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում:

«Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով: Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային»,-գրել է Հարությունյանը։

Արցախի նախկին նախագահը անդրադարձել է նաև հրաժարականին հաջորդող գործընթացին։

« Ի՞նչ է տեղի ունենալու մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը. ինչպես Սահմանադրությունն է կարգավորում, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը»,- գրել է Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում