ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համար Հայաստանին մեղադրելու վերաբերյալ

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը տարակուսանք առաջացնող և հիասթափեցնող է որակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը և ներկայացրել էական հանգամանքներ թեմայի վերաբերյալ։

«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։

Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները.

  • ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
  • 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
  • Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում:
  • Այս պայմաններում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին ադմինիստրատիվ սահմաններով: Այսպիսով՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել՝ 2022թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ է եղել շուրջ 31 տարի շարունակ: Պրահայի պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը:
  • ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
  • Լաչինի միջանցքն արգելափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բողոքի գործողությունների հետևանքով: Արդեն 2023թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Թեև այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, դրանց ՌԴ կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել: Փոխարենը ռուս խաղաղապահները 2023թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի:
  • Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով:
  • Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը, ցավոք, նորություն չէ. 2020թ. դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտումը, Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ 2022թ. հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները ձեռք բերված չէին: Նույնը վերաբերվում է 2022թ. մարտի 24-ի Փառուխի եւ 2022թ. օգոստոսի 1-ի Սարիբաբի դեպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակահերթերի արձակումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ինչպիսի դեպքերից մեկը ավարտվել է մարտակերտցի տրակտորիստի սպանությամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախոսներով ԼՂ բնակչության ահաբեկումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հազարավոր խախտումները կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, այս տրամաբանության շարունակությունն են:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից:

Նաև կրկին հարկ ենք համարում հավաստել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա տարածաշրջանում կայունության հաստատման իր հանձնառությանը: Միևնույն ժամանակ երկարատև խաղաղության համար բացարձակապես անհրաժեշտ ենք համարում Լաչինի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխումը և միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ բոլոր առկա խնդիրների հասցեագրումը»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանության մեջ։

Հայերեն العربية English Español Русский

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները