ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ մասնակի բեկանել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։
Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- գրել է փաստաբանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանըմեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: