Նախագծելով վաղվա Երևանը. քաղաքապետի ընտրություններին ընդառաջ խմբակցությունների նախագծերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների անդամները ներկայացրին մայրաքաղաքի նախագծային խնդիրները և թե ինչպես են պատրաստվում լուծել դրանք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ Երևան քաղաքում շուրջ երեսուն տարի իրականացվել է հախուռն կառուցապատում, և այդ տարիների ընթացքում եղել է մեկ ընդհանրական կանոնակարգող փաստաթուղթ՝ քաղաքի գլխավոր հատակագիծը, որը 2020 թվականին իր իրավական ուժը կորցրել է և այս պահին նորը չկա:

«Այս ընտրություններին մենք մասնակցում ենք՝ ունենալով մի նախընտրական դրույթ, որը վերաբերվում է քաղաքի մաստերպլանը ներդնելուն: Այն մի փաստաթուղթ է, որը դեռևս Երևանը չի ունեցել, մինչդեռ աշխարհում գրեթե բոլոր զարգացած քաղաքներն ու մայրաքաղաքներն ունեն: Այն կլինի երկարաժամկետ փաստաթուղթ, որով կկանոնակարգվի ամբողջ քաղաքի զարգացման ծրագիրը. թե ինչպե՞ս քաղաքը պետք է զարգանա փողոց առ փողոց, ինչպիսի՞ և քանի՞ հարկ ունեցող շինություններ, սեփական տներ և կոմերցիոն տարածքներ պետք է լինեն:

Եթե մենք չունենանք այս փաստաթուղթը, այս հախուռն կառուցապատումը կշարունակվի, որտեղ կունենանք բազմահարկ շենքեր, բայց ոչ մի ենթակառուցվածք, մանկապարտեզ, պոլիկլինիկա, դպրոց և այլն»,- ասաց նա:

Խաժակյանն ընդգծեց, որ մաստերպլանը պետք է լինի ոչ միայն քաղաքական փաստաթուղթ, որը կընդգրկի բոլորի պատկերացումները քաղաքի զարգացման առումով, այլ նաև կլինի մասնագիտական փաստաթուղթ, որը պետք է ձևավորվի միջազգային փորձագետների ներգրավմամբ՝ դառնալով մի ֆունդամենտալ փաստաթուղթ, որը ամեն անգամ չի փոփոխվի՝ ինչպես քաղաքի գլխավոր հատակագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Արթուր Մայիլյանն էլ ներկայացնելով իրենց կուսակցության առաջարկը, նշեց, որ ներդնելու են էլեկտրոնային համակարգ, որի շնորհիվ բոլոր քարտեզագրումները լինելու են էլեկտրոնային ձևաչափով:

«Հարթակը լինելու է հասանելի բոլորին: Ամբողջական տեղեկատվությունը արտացոլվելու է էլեկտրոնային հարթակներում, օրինակ՝ եթե կառուցապատողը ցանկություն ունենա ինչ-որ շինարարություն սկսելու, նա կարող է մտնել այդ կայքը և տեսնել, թե քաղաքի ո՞ր հատվածում քանի հարկանի շենքի շինթույլտվություն կարող է ստանալ»,- ասաց Արթուր Մայիլյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանն էլ անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող կառուցապատման խնդիրներին, նշեց, որ շուրջ երեսուն տարի իրականացվել է կառուցապատում և գլխավոր հատակագիծը խախտվել է, քանի որ այն հասանելի չի եղել մարդկանց: Այն կառուցապատման տեսակետից պետք է հասանելի լինի բոլորին:

«Մենք էլ մեր նախընտրական ծրագրում ունենք երկարաժամկետ պլանավորման փաստաթուղթ, որի կարևոր ու առանցքային հարցերից մեկը հետևյալն է՝ այդ փաստաթղթում պետք է լինի երևանցին, քանի որ այդ նախագիծը և այդ փաստաթուղթը հենց երևանցու համար է: Իսկ մարդկանց մեր գործընթացին մասնակից դարձնելու տեսակետից տարբեր ձևաչափեր կան՝ ամենահասարակ հանրային քննարկումից մինչև տվյալ ոլորտի լավագույն մասնագետներին մասնակից դարձնելը»,- ասաց Դավիթ Մարգարյանը:

Երևանի ավագանու թեկնածուն ընդգծեց՝ պետք է չարչարվել, որպեսզի հետո այդ փաստաթուղթը փոխելու կարիք չլինի:

Հայերեն Русский

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային ԱՄՆ-ին աջակցելու համար

Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ