Պաշտոնական

Տիգրան Խաչատրյանը Օլիվիե Դըկոտինյի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելուն ուղղված Ֆրանսիայի ջանքերը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը Օլիվիե Դըկոտինյի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելուն ուղղված Ֆրանսիայի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կներդրվեն առավելագույն ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Ֆրանսիայի դերակատարությունը՝ հատուկ ընդգծելով նաև Լաչինի միջանցքի շուրջ ութ ամիս շարունակվող և վերջին երկու ամիսներին բացարձակ արգելափակման հետևանքով հումանիտար աղետը կանխելուն ուղղված Ֆրանսիայի հասցեական հայտարարություններն ու ջանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետի հարցով ՄԱԿ ԱԽ-ում գումարված արտահերթ նիստի շրջանակներում։

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Ֆրանսիայի՝ փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգը համագործակցության նոր ուղղություններով լրացնելու հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ երկկողմ տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ։ Բարձր է գնահատվել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում՝ կարևորելով նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում