Ակնկալում ենք, որ ՄԱԿ ԱԽ երկրները կցուցաբերեն սկզբունքային դիրքորոշում Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու գործում. Արցախի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից:

«Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, հիասթափություն է առաջացնում այն, որ առանձին պատվիրակություններ փորձել են երևակայական և չափազանց վտանգավոր հավասարակշռություն գտնել Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև: Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին խիստ համապատասխան։ Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ ցեղասպանական մտադրությունը, ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի անմարդկային պաշարմանը և հումանիտար աղետին, հավասարազոր կլինի լռելյայն հավանության, եթե ոչ մեղսակցության Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայերեն English Español Français Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են