Հասարակական

Առողջարանային Ջերմուկը՝ զբոսաշրջային նոր հետաքրքրություններով

4 րոպեի ընթերցում

Առողջարանային Ջերմուկը՝ զբոսաշրջային նոր հետաքրքրություններով

ՋԵՐՄՈՒԿ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջարանային Ջերմուկը գրավիչ է արտերկրից Հայաստան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանից, Եվրոպայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ու այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները Ջերմուկ են այցելում ոչ միայն քաղաքում գործող առողջարանների մատուցած բուժական ավելի քան 30 ծառայությունների համար, այլև քաղաքի տեսարժան վայրերը վայելելու և որպես այս տարվա նորույթ ժայռամագլցման իրենց ունակությունները փորձելու համար։

Առողջարանային քաղաքի զբոսաշրջային գրավչությունը մեդիատուրի մասնակից լրագրողներին ներկայացնելիս «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Գալստյանը նշում է, որ ժայռամագլցման համար նախատեսված 23 մետր բարձրություն ունեցող Ջերմուկի Սրբ. Փոկասի ժայռի մագլցման ուղիներն անվտանգ են ու ժայռամագլցում իրականացնելու համար տարիքային սահմանափակում չկա։ Էքստրեմալ տուրիզմի և ակտիվ հանգստի սիրահարների համար անվտանգության չափորոշիչներն ապահովված են, գույքն էլ թարմացվում է հաճախակի։ Համագործակցում են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հետ։

GEV_6197.JPG (1.84 MB)

«Հայաստանում ժայռամագլցումը զարգացած չէ, սակայն վերջին տարիներին ռուս զբոսաշրջիկների այցերի ավելացումով ժայռամագլցումը որպես տուրիզմի նոր ուղղություն, կարծես, վարակիչ է դառնում։ Լեռնային Հայաստանում՝ մասնավորապես Ջերմուկում, նաև սառցամագլցման պայմաններ կան, առաջիկայում աշխատանքներ կտանենք այդ ուղղությունը ևս զարգացնելու համար»,- «Արմենպրես»-ի թղթակցին պատմում է Վազգեն Գալստյանը։

GEV_6337.JPG (662 KB)

Իտալացի զբոսաշրջիկ Դոմենիկոն առաջին անգամ է Հայաստանում, այստեղ եկել է հայ ընկերոջ հրավերով, ում հետ ծանոթացել ու ընկերացել է դեռևս Բրազիլիայում: Երևանից բացի եղել է Դիլիջանում, հիմա էլ ընկերոջ խորհրդով այցելել է Ջերմուկ: Իտալացի զբոսաշրջիկը տպավորված է Հայաստանի ճարտարապետական կոթողներով, հյուրասիրությամբ, Ջերմուկը նրան շատ է դուր եկել՝ բնությունը, օդի մաքրությունը, բուժական ժառայությունները։ Հաջորդ կանգառը Գորիսն է:

Ջերմուկը գրավիչ է ոչ միայն առաջին անգամ այցելողի համար, այլև կան մարդիկ, ովքեր առանց այս առողջարանային քաղաքի իրենց արձակուրդը, հանգիստն ու բուժումը չեն պատկերացնում։ Արմավիրից Ջերմուկ այցելած Գասպար Ավագյանն արդեն մի քանի տարի օգտվում է նույն առողջարանից՝ գոհ է առողջարանի անձնակազմի վերաբերմունքից, գնային քաղաքականությունից, մատուցվող սննդից ու բուժական ծառայություններից։

Ի դեպ, Ջերմուկում հյուրանոցների, հյուրատների և առողջարանների գները տատանվում են 5-6 հազար դրամից մինչև 60 հազար դրամ 1 կամ 2 անձի համար՝ 1 գիշերը։ Որոշ հյուրանոցներում կամ առողջարաններում գնի մեջ ներառված են սնունդն ու բուժական ծառայությունները։

Ջերմուկը ջրաբուժական կուրորտային քաղաք է՝ հայտնի հանքային ջրերով, ու հետևաբար այստեղ գալիս են հիմնականում աղեստամոքսային ու շնչառական խնդիրներ ունեցողները: Քաղաքի հանքային ջրերի Ըմպելասրահում հյուրերը, զբոսաշրջիկնրը կարող են օգտվել 30-55 աստիճան ջերմությամբ հոսող բնական հանքային ջրից։

Այս ամենից զատ, ջերմուկցիներն առանձնակի հպարտությամբ են ներկայացնում քաղաքին հարակից ու արդեն էտալոն դարձած տեսարժան վայրերը՝ 72 մետր բարձրություն ունեցող «Ջրահարսի վարսերը», բնական քարե թունել «Բախտի կամարը», որն ի դեպ, գրանցված է Շրջակա Միջավայրի նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Լիլիթ Վերդյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում