Հասարակական

UNCTAD-ի միջկառավարական խմբի նիստում Հայաստանի մրցակցային մարմինն այս տարի առանձնահատուկ դերակատարում է ունեցել

6 րոպեի ընթերցում

UNCTAD-ի միջկառավարական խմբի նիստում Հայաստանի մրցակցային մարմինն այս տարի առանձնահատուկ դերակատարում է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ UNCTAD-ի (Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողով) հարթակում կայացած մրցակցության միջկառավարական խմբի նիստում Հայաստանի մրցակցային մարմինն այս տարի առանձնահատուկ դերակատարում է ունեցել. առաջին անգամ Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարն ընտրվել է նիստի փոխնախագահ և ղեկավարել է անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների պանելային քննարկումները։

Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդես է եկել առաջարկություններով և նախաձեռնություններով, որոնք լիարժեք աջակցություն են ստացել գործընկերների կողմից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պատմում է Ժնև կատարած այցի մանրամասները:

-Պարոն Գևորգյան, վերջերս Դուք մասնակցում էիք Ժնևում Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի հարթակում տեղի ունեցավ մրցակցային մարմինների ղեկավարների միջկառավարական խմբի հերթական նիստին: Ի ՞նչ կարևորություն ունի այս հարթակը Հայաստանի համար, և ինչո ՞վ էր առանձնահատուկ այս տարվա մասնակցությունը:

-Ինչպես գիտեք, ամեն տարի աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ հանդիպում են UNCTAD-ի հարթակում քննարկելու մրցակցային իրավունքի և քաղաքականության համաշխարհային նշանակություն ունեցող արդիական հիմնահարցեր: Սա կարևոր հնարավորություն է նման բարձր հարթակում երկրների տեսանելիության ապահովման, համաշխարհային մակարդակում մրցակցության օրակարգի քննարկումներին մասնակցություն ունենալու, ինչպես նաև երկխոսության, փորձի փոխանակման միջոցով գործընկեր մարմինների հետ հարաբերությունների սերտացման համար: Հայաստանն այս տարի առանձնահատուկ դեր և ներկայացվածություն ունեցավ այդ հարթակում, քանի որ առաջին անգամ այս տարիների համագործակցության ընթացքում Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը հանդես էր գալիս որպես նիստի փոխնախագահ: Տեղի ունեցավ ընտրություն և անդամ պետությունների միաձայն քվերակությամբ ես ընտրվեցի փոխնագահ, ինչի արդյունքում նաև հնարավորություն ստացա երկու օր տևած նիստի ընթացքում ղեկավարել երեք պանելային քննարկումները:

-Իսկ որևէ կոնկրետ նախաձեռնություններ և առաջարկություններ ներկայացվե ՞լ են Ձեր կողմից:

-Այո, իհարկե: Այսօր ամբողջ աշխարհում արդիական խնդիր է հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարը, ինչը նշանակում է, որ այս ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա ավելի ինտենսիվ և համակարգված, ինչպես նաև ուշադրություն պետք է դարձնել դրանց բացահայտման նպատակով նոր մեխանիզմների և գործիքների կիրառմանը՝ համահունչ ժամանակակից մարտահրավերներին: Քանի որ UNCTAD-ի հարթակում գործում է անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների աշխատանքային խումբ, որն առացքային դերակատարում կարող է ունենալ այս առումով, մենք առաջարկել էինք երկարաձգել խմբի մանդատը: Այս նախաձեռնությունն աջակցություն է ստացել նաև մի շարք այլ երկրների կողմից, և արդյունքում խմբի գործունեությունը երկարաձգվեց 1 տարով:

Բացի այդ, հենց Հայաստանի մրցակցային մարմնի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հնարավորություն է ընձեռվել UNCTAD-ի հարթակում աշխարհի տարածաշրջանային կազմակերպությունների հետ հանդիպում անցկացնել:

-Ասացիք, որ պանելային քննարկումներ եք վարել մրցակցային մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Իսկ ի՞նչ հարցերի շուրջ են ծավալվել քննարկումները: Որո՞նք են այսօր մրցակցային մարմինների սեղանին դրված թիվ 1 հարցադրումները, որոնք լուծման են սպասում:

- Աշխարհի բոլոր երկրներն այսօր կանգնած են կայուն զարգացման նպատակներին հասնելու խնդիրների առաջ, դրանք են՝ սպառումն ավելի խնայողական դարձնելը, արդյունաբերության կայուն խթանումը և, իհարկե, կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Սրանք բարի նպատակներն են, որոնք ուղղված են երկիր մոլորակի բոլոր քաղաքացիների բարօրության ապահովմանը, սակայն երբեմն կարող է շահերի բախում առաջանալ նման նախաձեռնությունների խրախուսման և շուկայում արդար մրցակցության ապահովման տեսանկյունից: Այս նպատակների խթանումը կարող է բերել ձեռնարկությունների խոշորացմանը և մրցակից ընկերությունների հետ գործողությունները համաձայնեցնելուն՝ խաթարելով շուկայի մրցակցությունը: Հարց է ծագում՝ ընկերությունների միջև համագործակցությունը մինչև որ կետը կարող է թույլատրվել և արդյո՞ք մրցակցային մարմիններն ավելի մեղմ մոտեցում պետք է ցուցաբերեն նման հարցերում: Այստեղ է, որ մրցակցային մարմինների տեսակետները միշտ չէ, որ համընկնում էին, և բավականին հետաքրքիր ու թեժ բանավեճ ծավալվեց:

-Բացի այս ամենամյա նիստին մասնակցելուց, ի՞նչ ձևաչափով է ՄՊՀ-ն համագործակցում UNCTAD-ի հետ:

- ՄՊՀ-ն UNCTAD-ի հետ համագործակցում է նաև տեխնիկական աջակցության ծրագրերի ներքո: Օրինակ՝ հետքովիդյան շրջանում այս կառույցի հետ մի շարք առցանց համաժողովներ են անցկացվել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար, քանի որ ինչպես գիտենք, ՓՄՁ-ներն առավել խոցելի են գլոբալ մարտահրավերների առաջ, քանի որ ի սկզբանե տնտեսապես անհավասար պայմաններում են գտնվում շուկայի առավել խոշոր խաղացողների համեմատ: ՓՄՁ-ների մրցակցային հարցերը մշտապես գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: 2021 թվականին իրականացված օրենսդրական նորամուծություններից էր բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտի ներդրումը։ Այս տարի մենք առևտրային ցանցերի և մատակարարների միջև ուշ վճարումների հարցերի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում